Հասարակություն - Փաշինյանը հանդիպել է գինեգործների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 
խորհրդակցություն՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

«Այսօր հավաքվել ենք ոլորտի հետ կապված խնդիրները քննարկելու և արձանագրելու, թե ինչպես կարող է զարգանալ կառավարության համագործակցությունը գինեգործության ոլորտի հետ: Այսօր մեր երկրում գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն է և այն, որ այսպիսի պատկառելի ներկայություն է ապահովվել, արդեն իսկ խոսուն փաստ է: Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք և դրանք թերևս կապված են ոչ միայն հասանելիության, այլև արտադրական ծավալները մեծացնելու անհրաժեշտության հետ: Որքանով հասկանում եմ, շատ դեպքերում հայկական արտադրության գինին մրցունակ է որակի, գնային առումով, սակայն որոշ դեպքերում մրցունակությունը տուժում է ծավալների սահմանափակության պատճառով, որովհետև երբեմն խոշոր խմբաքանակներն ավելի գրավիչ են դառնում պոտենցիալ գնորդների համար, քան փոքր խմբաքանակները, մանավանդ դրանց պարբերականության հետ կապված խնդիրներ ծագելու պարագայում: Ամեն դեպքում դուք ավելի լավ գիտեք ոլորտի խնդիրները և հույս ունեմ, որ այսօր կկարողանանք բոլոր մանրամասներով դրանք քննարկել»,- դիմելով 
ներկաներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը:

Զեկուցվել է, որ վերջին շրջանում գինեգործության ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, որոնք նպաստել են նաև արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, 2017 թվականին 2016-ի 7 մլն լիտրի փոխարեն հանրապետությունում գինու արտադրանքի ծավալը կազմել է 9 մլն 700 հազար լիտր: Միաժամանակ, արտահանման ծավալները կազմել են 2,7 մլն լիտր, ինչը 2016-ի համեմատ աճել է մոտ մեկ մլն լիտրով:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին 
են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: 
Մասնավորապես, քննարկվել են ոլորտում նոր ներդրումների ներգրավման 
հնարավորություններին, տնտեսվարողներին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի 
հետվերադարձելիության ժամկետներին, արտահանման, հարկային վարչարարության, 
օրենսդրական դաշտի բարելավման, խաղողի այգիներում առաջացող հիվանդությունների կանխարգելման, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման 
պետական ծրագրին, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության 
հիմնադրամի գործունեությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է գինեգործության շարունական զարգացումը և այդ նպատակով պատրաստ է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները՝ առկա խնդիրները վեր հանելու և
դրանց լուծումները գտնելու նպատակով: Ոլորտի զարգացման, այդ թվում՝ 
հիվանդությունների կանխարգելման առումով վարչապետը կարևորել է նաև 
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ներուժի կիրառումն ու 
իրացումը: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին առաջիկայում նոր գաղափարներ գեներացնել և դրանք ներկայացնել կառավարությանը՝ դրանք համատեղ կյանքի կոչելու նպատակով: Անդրադառնալով հիմնադրամի հետագա գործունեության մասին հարցին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջիկայում քննարկում կազմակերպել իր մոտ՝ հասկանալու կառույցի գործունեության արդյունավետությունը: Վարչապետը հավելել է, որ արդյունքում կկայացվի համապատասխան որոշում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ