Կրթություն - Բարձրագույն կրթության և գիտության մասին միասնական օրենքը կներկայացվի մինչև հուլիս. Արայիկ Հարությունյան

Գիտությունն այսօր կառավարվում է մի քանի կենտրոնից. մենք, առաջիկայում նախատեսում ենք ներկայացնել բարձրագույն կրթության եւ գիտության մասին միասնական օրենք, որով նաեւ այս խնդիրները կլուծվեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, կառավարության նիստում՝ բուհական եւ գիտահետազոտական լաբորատորիաների ֆինանսավորման կարգի փոփոխության մասին որոշման քննարկման ժամանակ նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մենք (ԿԳՆ–ն) ունենք որոշակի ֆունկցիա, գիտության կոմիտեն ունի որոշակի ֆունկցիա, առանձին օրենք կա գիտությունների ակադեմիայի մասին, որտեղ մենք ֆինանսներ ենք հատկացնում, բայց պետությունը վերահսկողության շատ քիչ լծակներ ունի այստեղ, էկոնոմիկայի նախարարությունը գիտության հետ կապված որոշակի գործառույթներ ունի։ Կարծում եմ՝ մինչեւ հուլիս այս խնդիրները լուծած կլինենք»,– ասաց նա։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խնդրեց Արայիկ Հարությունյանին, որ ոչ միայն գերատեսչական՝ գիտության համատեքստում հարցը դիտարկվի, այլ նաեւ՝ եղած մյուս ռեսուրսների։ «Եթե պետությունը գիտական կենտրոններ է պահում, որոնք գիտական աշխատանքներ են անում, հավանականությունը շատ փոքր է, որ այդ նույն գերատեսչությունը կդիմի գիտական կազմակերպություններին, ինչպիսիք, որ Ձեր կողմից կառավարվում են, որովհետեւ կա սեփական գերատեսչական գիտական կազմակերպություն։ Պիտի խնդրեմ, որ ամբողջության մեջ նայեք։ Եվ համախմբենք բոլոր հնարավոր ռեսուրսները, որովհետեւ մեր խնդիրը դրանք արդյունավետ կառավարումն է։ Չբացառելով, որ կարող են լինել արդյունավետ առաջարկներ նաեւ մասնավոր սեկտորից»,– ասաց նա։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ գիտական պոտենցիալի կառավարման կենտրոնը պետք է մեկը լինի, որպեսզի գերատեսչական շահերի հետ առնչություն չունենա եւ իրական փորձագիտական անկախ կարծիք կարողանա տալ։ «Եթե մենք էս պրոցեսը, բարձրագույն կրթության եւ հետազոտության համադրման պրոցեսը եւ պետական գործառույթների որոշակի արտապատվիրակման պրոցեսը ճիշտ տանենք, գիտության ոլորտում կարող ենք իսկապես իրական ու լուրջ փոփոխություն ակնկալել»,– նշեց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ