Տնտեսություն - «Նաիրիտ»-ի վերագործարկման պայմանագիրը կստորագրվի փետրվար-մարտին. $250 միլիոն ներդրում, 10 հազար աշխատատեղ

Կառավարության կողմից «Նաիրիտ»-ի վերագործարկման համար ներդրողներ գտնելու, բանակցություններին զուգահեռ չինացիների մուտքն ու ուսումնասիրությունները գործարանի տարածքում բավականին հետաքրքիր է։ Ընդ որում՝ ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձավ, երբ պարզվեց, որ կառավարությունը անտեղյակ է օտարերկրացիների այցելությունից և գործարանում նրանց գտնվելու համար թույլտվություն չի տրամադրվել։

Բանը հասավ նրան, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ խնդրին՝ տեղեկացնելով, որ Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ: Սակայն Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՁ-ի տնօրենների խորհրդի և ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ: «Լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր է, որ սահմանված կարգով նախաձեռնվի ՀՁ-ի տնօրենների խորհրդի կազմից Ռուբեն Սաղաթելյանին հանելու գործընթաց: Բացի դրանից՝ այս միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին, որպեսզի պարզեն՝ արդյոք այս գործողություններում առկա է հանցակազմ»,- գրել էր Սիսեռյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Նաիրիտ»-ի համակարգող խումբն ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ։ Ըստ համակարգող խմբի տեղեկությունների՝ այժմ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։ Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են հենց բութադիենային սարքավորումներով, և նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կա, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։

Նախաձեռնող խմբի անդամ, «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չինացիների հիմնական ուշադրությունն այն արտադրամասն է եղել, որի վրա մենք ցանկանում ենք գործարանը վերաթողարկել։ Դա բութադիենային տեխնոլոգիայով մասն է։ «Նրանք գնացել են, բավական երկար ժամանակ մնացել են արտադրամասում, փորձել են հասկանալ՝ դա ինչ է, հանդիպումներ են ունեցել արտադրության պետերի հետ։

Բայց այս ամենը, կրկնում եմ, անթույլատրելի է։ Նման հանդիպում-այց կարող էր լինել բացառապես կառավարության միջնորդությամբ միջպետական պայմանագրերի հիման վրա»,- ասաց գործարանի նախկին տնօրենը՝ հավելելով, որ եթե այս ամբողջ պրոցեսը տեղի է ունեցել գաղտնի վիճակում, ապա սրանից հետևում է, որ որոշ մարդկ շահագրգռված են տեխնոլոգիան վաճառել ներքին կարգով չինացիներին, որոնք այն կարող են իրենց հետ պատճենել ու տանել։ «Սա անթույլատրելի է։ Իմ կարծիքով՝ որոշ մարդիկ ցանկանում են այս ամենի մեջ բիզնես անել։ Չինացիները չէին կարող գործարան մտնել առանց այստեղի մարդկանց միջնորդության»,-ասաց մեր զրուցակիցը։

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը նույնպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է շատ տարօրինակ համարում իրենց հոլդինգի հետ կառավարության բանակցությունների ֆոնին այս անհասկանալի և չմեկնաբանվող նորությունը։ «Նաիրիտ»-ի գնման պայմանագիրն արդեն պատրաստ է, մենք այն ներկայացրել ենք, ու գնում են վերջնական բանակցություններ ու հանկարծ այս անհասկանալի բոթը, որ «Նաիրիտ»-ում օտար մարդիկ են հայտնվել։ Օրինակի համար ասեմ, որ մեր հոլդինգից 1.5 ամիս ժամանակ պահանջվեց գործարանում տեխնիկական աուդիտ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։

Բանը հասավ ԱԱԾ-ը, փոխվարչապետին, նրա օգնականին։ Այս ամենից հետո միայն կարողացանք մտնել գործարան։ Հիմա ինչպես է, որ ներդրողներին ամիսուկես քթներից բռնած քարշ են տալիս այս ու այն կողմ, բայց մեր շատ վայրի կոնկուրենտները հայտնվում են մեր օբյեկտում։ Սա ավելի քան զարմանալի է։ Չինացիները հայտնի են նոր տեխնոլոգիաներ, նոու-հաուներ գողանալու իրենց հմտություններով»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հստակ տեղեկություն ունեն, որ բութադենային տեխնոլոգիայով արտադրությունը օդ ու ջրի պես պետք է Չինաստանին, քանի որ շատ մեծ շուկա կա։

Ինչ վերաբերում է ացետիլենային արտադրությանը, ապա դա իրենք արդեն երրորդ գիծը տարել են ու բազմապատկել արտադրությունը։ «Հիմա իրենք անցել են բութադենային արտադրությանը։ Հիմա մենք շատ մտահոգ ենք, որ իրենք արդյոք չեն նկարել արտադրությունը և լուսանկարել արտադրության տեխնոլոգիաները։ Մենք շատ վրդովված ենք և չենք հասկանում, թե ինչ է կատարվում»,- նկատեց Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ, սակայն, Գրիգորյանը կոնկրետ կասկածներ ունի, թե ովքեր են այս ամենի հետևում կանգնած և այդ թելերը տանում են դեպի նախկին իշխանություններ։ «Քանի որ իմ դեմ ժամանակ առաջ արտգործնախարարի ուղղակի կոնտրոլի տակ կոմպրոմատներ բաց թողնվեցին, և արտգործնախարարի խոսնակը ափռ-ցփռ դուրս էր տվել, այդ ամենին անմիջական մասնակից էր նաև Չեխիայում, Սլովակիայում նրանց հանցագործ դեսպանը։ Պատահական չէ, որ այդ կոմպրոմատները հրապարակ նետվեցին մի լրատվամիջոցով, որը կապ ունի Տիգրան Սարգսյանի հետ, ապա ես հստակ գիծ եմ տեսնում այս ամենում։

Բայց այս ամենը կատարվում է վարչապետի դեմ, քանի որ վարչապետին ձեռք է տալիս, որ գործարանը բացվի, նոր արտադրություններ հիմնվեն, իսկ որոշ մարդիկ դա չեն ցանկանում հասկանալի պատճառներով։ Հին իշխանության թափթփուկներին ձեռք չի տալիս նոր կառավարության հաջողությունները»,- ասաց Գրիգորյանը։

Ի դեպ, Աշոտ Գրիգորյանը նշեց, որ եթե խորհրդարանական ընտրություններից հետո ընդհատված, բայց ներկայումս վերսկսված բանակցություններն ու հանդիպումները այս տեմպով շարունակվեն, ապա փետրվարի մեջ հնարավոր կլինի ավարտել պայմանագրի քննարկման փուլը, և փետրվարի վերջին կամ մարտ ամսին ստորագրել աշխատանքային պայմանագիրը, որը ենթադրում է 130 միլիոն ներդրում միայն կաուչուկի արտադրության վրա, ևս 100-120 միլիոն դոլար ներդրում՝ էներգետիկ համալիրը վերականգնելու վրա։ Գրիգորյանը նշեց, որ նախատեսվում է հիմնել նաև հարակից արտադրություններ, որի համար ներդրվելու է լրացուցիչ 20-30 միլիոն դոլար։

«Ինչ-որ ժամանակահատված հետո գործարկումից նախատեսվում է մոտ 10 հազար աշխատատեղ բացել «Նաիրիտի» 80 հեկտար տարածքի վրա՝ բավական նորմալ աշխատավարձով։ Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը։ Եվ այս ամենը օդ ու ջրի պես պետք է նոր կառավարությանը»,- եզրափակեց Գրիգորյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ