Կրթություն - Նոր որոշում. թվով 6 դպրոցներ կապամոնտաժվեն և կկառուցվեն նորերը. 9 բալանոց երկրաշարժից չեն քանդվի

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշեց քանդել թվով 6 դպրոցներ, քանի որ դրանք սեյսմիկ առումով թուլացած են:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենք շինությունների քանդման գործընթացը Հայաստանի օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է Երեւանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Երեւանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի եւ Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաեւ Երեւանի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի եւ Երեւանի թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները:

Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականին:

Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են նաեւ միջազգային փորձաքննություն:

Միջազգային փորձագետի պահանջի հիման վրա իրականացված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շենքերում բետոնյա շաղախը ժամանակի ընթացքում կորցրել է իր ամրությունը եւ վերածվել է ավազի:

Ի վերջո առաջարկվել է պահպանել դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք եւ կառուցել նոր դպրոցներ նույն տեղում:

Դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

ա/ Հնարավոր չէ կառուցել դպրոցներ այլ վայրերում, քանի որ Երեւան քաղաքում այդ տարածքները չկան,

բ/ Նպատակահարմար չէ քանդել շենքերը ամբողջությամբ, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են ճարտարապետական որոշակի արժեք,

գ/ Նպատակահարմար չէ շենքերի պատերը ամբողջությամբ ամրացնել բետոնի ներարկման միջոցով, քանի որ ծավալները շատ են եւ նկատի ունենալով աշխատանքների իրականացման դժվարությունները մոտեցումը կհանգեցնի բարդությունների և լրացուցիչ ծախսերի,

դ/ Նպատակահարմար չէ շենքերի պատերի (բացի արտաքին) երկողմանի ուժեղացնել, քանի որ փոքրանում են ներքին մակերեսները եւ ծախսարդյունավետության տեսակետից արդարացված չէ:

Իսկ, Երեւանի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը և Երեւանի թիվ 116 հիմնական դպրոցը նախատեսվում է քանդել ամբողջությամբ, քանի որ տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն դրանք ամրացման ենթակա չեն:

Միաժամանակ որոշմամբ նախատեսվում է, շենք-շինությունների քանդման և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքների դիմաց իրականացվելիք ծախսերի փոխհատուցում նախատեսել շենքերի քանդման արդյունքում ձեւավորվելիք շինանյութի տրամադրումը:

Այս մոտեցմամբ Հայաստանի կառավարությունն առաջնորդվել է նաև նախկինում, մասնավորապես՝ Հայաստանի կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի N 862-Ա որոշմամբ թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը շինարարական կազմակերպությունների միջոցներով իրականացնել ծրագրի շրջանակներում ընդգրկված 5 դպրոցների քանդման աշխատանքները՝ իսկ որպես ծախսերի փոխհատուցում վերջիններիս տրամադրել քանդման արդյունքում ձեւավորվելիք շինանյութը:

Տվյալ մոտեցմամբ Հայաստանի կառավարությունն առաջնորդվել է նաեւ Երևանում չինական դպրոցի կառուցման գործընթացում, սակայն այս դեպքում առկա շենքի հիմքերի ապամոնտաժման նպատակով Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է նաեւ որոշակի գումար:

Կառավարության որոշման ընդունման դեպքում հնարավոր կլինի իրականացնել թվով 6 դպրոցական շենք շինությունների քանդման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի օրենսդրության պահանջներին համապատասխան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ