Հասարակություն - Մենք իտալացի աղջկա երգի կարիքը չունենք. Ալեն Սիմոնյանը՝ հիմնը փոխելու մասին

Օրհներգի փոփոխության իմ առաջարկն ընդամենը հանրային քննարկում ստեղծելու առիթ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Գործող օրհներգը, այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության մեծ մասի սրտով չէ։ Այլ հարց է, որ մեկը Արամ Խաչատրյանինն է հավանում, օրինակ՝ ես, և դրա հիմնավորումները ունեմ, եթե պետք է կներկայացնեմ։ Մեկը Շառլ Ազնավուրի տարբերակն է առաջարկում, մեկը՝ Տիգրան Մանսուրյանի, բայց մի բան միանշանակ է. մենք կոնսենսուս՝ գործող օրհներգի հետ կապված, չունենք»,– նշեց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հաշվի առնելով բոլոր կարծիքները՝ ձգտում է գտնել միջանկյալ տարբերակ։ «Այսինքն, դա գործընթաց է, որ արդեն սկսել եմ։ Հենց վերջնական տարբերակի բերվի, ես դա հանրությանն ու ձեզ կներկայացնեմ։ Դա չի ենթադրում պետական, Ազգային ժողովի շենքի, կամ խմբակցության հետ գործառույթներ՝ բացի, էթիկայի եւ գործընկերության մթնոլորտից ելնելով, տեղյակ պահել եւ քննարկել։


Դրոշի փոփոխության առաջարկի մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ խնդիրն այն է, որ շատերը վերնագրից ավելին չեն կարդում։ «Գրվում է մի հոդված եւ բոլոր լրատվամիջոցները (մի–երկուսից բացի) վերցնում են հոդվածի հետգրությունը, որը սմայլիկներով էր, և դա դնում են՝ որպես վերնագիր։ Մեր համաքաղաքացիները ինֆորմացիայի շատ լինելու պատճառով հիմնականում վերնագիր եւ նկարն են նայում եւ սկսում են քննարկել, թե ինչ է գրված հոդվածի մեջ։ Եվ որևիցե բան չեն կարդում, եւ դա լավ չի։ Դա եղել է սարկազմ, որի իմաստը եղել է հետեւյալը. որ դուք տեքստ չեք կարդում, եւ յուրաքանչյուր հարց կարելի է քննարկման դնել եւ այդ հարցի շուրջ խոսել։ Ես խոսում եմ քննարկումների մասին, որովհետեւ համարում, որ Հայաստանում չքննարկվող հարց այլևս ի լինելու»,– ասաց նա։

Կրկնելով, որ իր բարձրացրած խնդիրն այն է, որ ոչինչ չի քննարկում, նա ասաց. «Քանի դեռ այն մեր օրհներգն է, երբ այն հնչի, ես ոտքի եմ կանգնելու»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ իր սարկազմը չէր վերաբերվում պետական խորհրդանիշին, այլ որևէ բան չքննարկելուն։ «Բայց բոլորը վերցրին այդ հետգրությունը, դրանից եզրակացություններ արեցին, ես նման բան չեմ առաջարկել, ես կարծում եմ, որ Հայաստանի դրոշը միգուցե ամենալավը չի, բայց իմ համար բավարար է և լավն է»,– նշեց նա։

Այն դիտարկմանը, որ թերեւս, մեր երկրի կարևորագույն խնդիրներից չէ օրհներգը փոխելը՝ պատգամավորն ասաց. «Միանշանակ Հայաստանում կան հազարավոր շատ ավելի կարեւոր խնդիրներ։ Բայց միանշանակ այդ խնդիրները միշտ լինելու են։ Պատմության մասին խոսելիս մենք պիտի հիշենք, որ ունեցել ենք Կոմիտաս Վարդապետ, ով բազմաթիվ խնդիրների ներքո ծնված լինելով Թուրքիայում, զբաղվել է հայկական երաժշտությունը համաշխարհայինից տարանջատելով, ինչպես նաեւ ստեղծել է շարականներ։ Հետագայում Արամ Խաչատրյանը ընդվզել է Սովետական միության դեմ, եւ գրել է քրիստոնեական շարական. «Քրիստոս մեր մեջ հայտնեցավ»։ Այդ ամենը մենք չպիտի անտեսենք եւ իտալացի աղջկա երգը՝ որպես օրհներգ վերցնենք։ Մենք իտալացի աղջկա երգի կարիքը չունենք։ Այո, դա մեր պատմությունն է, մենք միշտ պիտի հիշենք այդ երգը, բայց, ժողովուրդ, մենք առաջ ենք գնում»,– ասաց նա։

Սիմոնյանը հավաստեց, որ իր առաջարկի քննարկմանը մասնակցել է շուրջ 6500 մարդ, որից՝ շուրջ 4000–ը փոփոխության կողմ է արտահայտվել։ «Մարդիկ ինձ ասում են, խնդրում ենք, հետքայլ չանենք»,– ասաց նա։

դիտվել է 266 անգամ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ