Քաղաքական - Նիկոլ Փաշինյանի ձիով քայլը հիստերիայի մեջ է գցել Բաքվին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցին: Նրա խոսքով՝ նախ պետք է արձանագրել, որ կարևոր է, երբ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջին այցերից մեկը կայացավ եվրոպական ամենազարգացած երկրներից Գերմանիա:

 

«Ինձ Գերմանիա կատարած այցի արդյունքներն ավելի շատ հետաքրքրում են տնտեսական առումով: Գերմանիան, լինելով Մինսկի խմբի անդամ երկիր, համանախագահող երկիր չէ և ակտիվ ներգրավված չէ Արցախի հիմնահարցի լուծման գործընթացի մեջ: Բայց միաժամանակ պետք է նշենք, որ Գերմանիան գտնվում է աշխարհի ամենազարգացած երկրների տասնյակում: Եվ ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ավելի շատ հետաքրքրում է նրա այցի տնտեսական բովանդակությունը: Գերմանիայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները խոշոր տնտեսվարողների հետ հույս են տալիս, որ մենք որոշ ժամանակ անց կունենանք եթե ոչ շատ մեծ, ապա 2-3 խոշոր նեդրողներ Գերմանիայից: Եթե տեղի ունենան այդ ներդրումները, կարելի է համարել, որ այցն իր արդյունքները տվեց»,- ասաց Համբարյանը:

 

 Բայց, միաժամանակ, ըստ քաղաքագետի, նկատելի է, որ Գերմանիան շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ:

«Մենք ընդհանրապես շատ վաղուց պետք է հասկանայինք, որ Եվրամիությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, այսպես ասած, կուրատորներ ունի իր անդամների միջից: Օրինակ՝ Գերմանիան ավելի ուշադիր է նույն Վրաստանի նկատմամբ, Ֆրանսիան ավելի ուշադիր է Հայաստանի նկատմամբ: Եվ Գերմանիան, լինելով Եվրամիության երկիր, շատ շահագրգռված է, որպեսզի Հարավկովկասյան տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, և գերմանական ներդրումներն ավելի անվտանգ տարածաշրջանում տեղի ունենան»,- նշեց Համբարյանը:

Բացի դա, նրա խոսքով, չպետք է մոռանալ, որ մեր տարածաշրջանից Գերմանիայում ապաստան խնդրող քաղաքացիների թիվը թեև քիչ է, բայց նրանք կան: Եվ Գերմանիային հենց այդ առումով էլ է շատ ձեռնտու, որպեսզի Հարավկովկասյան հանրապետություններում վերջնական խաղաղության դեպքում Գերմանիայի կառավարությունից ապաստան խնդրող փախստականների թիվը նվազի:

Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Արցախի հարցում, Համբարյանն ասաց. «Եթե տիկին Մերկելն ի նկատի ուներ պարոն Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ Հայաստանը պատարաստ է փոխզիջման, եթե առաջինն ինքը՝ Ադրբեջանը հայտարարի ինքն ինչ փոխզիջման է պատրաստ Արցախյան հիմնահարցի լուծման շրջանակներում, ես ինքս էլ եմ ողջունում: Դա իրոք քայլ ձիով էր, որի արդյունքն այն է, որ Ադրբեջանում երկու օր է՝ հիստերիա է բարձրացված»:

Ըստ Համբարյանի՝ ալիևյան բոլոր ԶԼՄ-ները հակահայկական հիստերիկ հոդվածներով են հանդես գալիս վերջին օրերին և Հայաստանին կրկին մեղադրում են Ադրբեջանի տարածները «օկուպացնելու» և ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարարությունն իրոք շատ կարևոր էր, որովհետև մինչ այդ տեղի ունեցած գործընթացները հասարակության մի ստվար զանգվածի մոտ կասկածներ էին առաջացրել: Կասկածներ էին հնչում Փաշինյան-Ալիև, երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումներից հետո, թե ինչո՞ւ դրանց արդյունքները ոչ ոք չի տեսնում:

«Եվ իշխանական թևի անտրամաբանական որոշ բացատրություններ յուղ էին լցնում այն կրակի վրա, որ Արցախյան հիմնահարցի բանակցություններում Հայաստանը հետքայլ է կատարում, ոչ թե փոխզիջումների, այլ զիջումների է գնում: Այ առումով Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում հայտնած մտքերը բավական ուղղեցին այն սխալները, որոնք գործող իշխանությունները թույլ էին տվել վերջին մեկ ամսում: Տեսնենք, թե հիմա գործընթացն ինչ ուղղությամբ կշարժվի, որովհետև ադրբեջանցիները հույս ունեն, որ այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ուղղակի բացահայտ դուրս է գալիս բանակցային գործընթացից», հավելեց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ