Հասարակություն - Հայաստանը Վրաստանին օգնելու նպատակով կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Վրաստանին օգնելու նպատակով իր հրամանով հայկական կողմը վրացական կողմին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ:

Նախարարի խոսքով՝ հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։

«Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների։

Բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007թ-ին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին բարեբախտաբար տարածում չէր ունեցել մեր երկրում։

Կոչ եմ անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի»,- հորդորել է նախարարը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ