Միջազգային - Թաջ Մահալի կողքին բացվել են թագավորական դինաստիայի հնագույն այգիները

Հնդկաստանում Թաջ Մահալի կողքին բացվել են XVI եւ XVII դարերի երկու թագավորական այգիներ, որոնք վերականգնվում էին մի քանի տարի, հայտնում է Lonely Planet-ը:

Ագրայում հնդկական գլխավոր տեսարժան վայր Թաջ Մահալից ավտոմեքենայով մեկ ժամվա հեռավորությամբ այցելուների համար բացվել են հնագույն այգիներ՝ Մեհթաբ Բագը կամ Լուսնային այգին եւ Յաթիմադ ուդ Դաուլան, ինչը նշանակում է Գերեզմանի այգի: Հնդկաստանի Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի եւ Հնագիտական ծառայության 4 տարվա աշխատանքներից հետո Յամունա գետի ափին գտնվող երկու ամենահայտնի այգիներին են վերադարձրել նախաստեղծ տեսքը: Հիմա զբոսաշրջիկները կարող են անցնել ծաղկող թագավորական այգիներով եւ տեսնել, թե դրանք ինչպիսին են եղել մի քանի 100 տարի առաջ:

Վերականգնման նախագիծը ներառում էր այգիների նոր հիդրոտեխնիկական համակարգի կառուցում: Դրա շնորհիվ այցելուները կկարողանան լիարժեք զգալ Մոգոլական կայսրության թագավորական դինաստիայի այգիների մթնոլորտը, որը գոյություն է ունեցել ժամանակակից Հնդկաստանի տարածքում, նշված է նախագծի մամուլի հաղորդագրության մեջ: Յաթիմադ ուդ Դաուլայում աշխատանքների ընթացքում կառուցվել է նաեւ նոր զբոսաշրջային կենտրոն:

Ագրայում գտնվող այգիները ստեղծվել էին մոտ XVI դարում թագավորական ընտանիքի եւ նշանավոր անձանց համար: Նման այգիներից քչերն են այսօր անխաթար մնացել: Դրանց պահպանմանն ու զարգացմանը խանգարում են քաղաքային կառուցապատման խնդիրները, շրջակա միջավայրի աղտոտումը, ճանապարհներին փոխադրումների մեծացումը եւ ենթակառուցվածքների բացակայությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ