Հասարակություն - 2018թ.-ին մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 417 դեպք, բացահայտվել է 334-ը. Աշոտ Ահարոնյան

«2018 թ. մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 417 դեպք, բացահայտվել` 334-ը», – հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: 

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանի 
խոսքերով էլ` խնդիրը դուրս չի մնացել ոստիկանության ուշադրությունից, սակայն երբ խոսքը մասնավոր գանգատների մասին է, այստեղ դժվարություններ են առաջանում քաղաքացիների հետ կապված. քանի դեռ քաղաքացին  հաղորդում չի տալիս, չեն կարողանում գործին ընթացք տալ, նույնիսկ եթե օպերատիվ տեղեկություն են ունենում գրպանահատության դեպքի մասով:

«Քաղաքացին հրավիրվում է ոստիկանություն, բայց ասում է` 10 000 դր-ի համար չեմ ուզում հաղորդում տալ, գալ, գնալ: Նման դեպքերի համար, որոնք խիստ մտահոգում են ոստիկանությանը, շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որը նաև այս հարցը կկարգավորի», – ասաց Արմեն Ղուկասյանը:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ այդ կապակցությամբ մտահոգություններով են պայմանավորված նաև վերջին շրջանում ոստիկանության կողմից տարածված 
տեսանյութերը, որոնք ներկայացնում են, թե գրպանահատության խնդիրն ինչում է:

«Խորհրդային տարիներին գրպանահատության համար՝ անկախ գումարի չափից, նախատեսվում էր կոնկրետ պատիժ: Հիմա գումարը կապ ունի, խափանման միջոց չի նախատեսվում, և գրպանահատը կարող է դուրս գալ ոստիկանությունից ու ձեռքը տանել ուրիշի գրպանը: Այստեղ խնդիր կա, խնդրին ոստիկանությունը տեղյակ է, դրա համար օրենսդրական նախագիծ է մշակել», – ասաց Ահարոնյանը` նշելով, որ ոստիկանությունն ավելի շատ իր ուժերով է բացահայտում, քան քաղաքացիները դիմում են:

Ուշադրության կենտրոնում են նաև ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող 
գողությունները: 2018 թ.-ի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցանք 
կատարած 1137 անձի նկատմամբ՝ այդ թվում` 4 ավազակություն, 71 կողոպուտ, 725
գողություն, ընդ որում՝ 126-ը բնակարանային գողություն կատարած անձանց նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց՝ ստորագրություն, գրավ և այլն:

«Նշված անձանցից այսօրվա դրությամբ 104-ը արդեն իսկ հայտնաբերվել են, որ փաստացի ազատության մեջ գտնվելով կատարել են համասեռ հանցագործություն, 18-ը կողոպուտ, 76-ը գողություն», – ասաց Արմեն Ղուկասյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ