Քաղաքական - Պարտականություն ենք ստանձնել նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունել հաշմանդամ զինծառայողների. Արմեն Սարգսյան

Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով նախագահական նստավայրում պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում շնորհավորեց բանակի օրվա առթիվ:

«Մեր բանակի ծնունդը պարզ չի եղել, կարծում եմ՝ բանակի ծնունդը կարելի է նմանել Վահագնի ծնունդին, հայկական բանակը ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար, և ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, որ կազմավորումից կարճ ժամանակ անց ՀՀ բանակը դարձավ տարածաշրջանում ամենակազմակերպված, մարտունակ բանակը, և մենք ունեցանք բազում հաղթանակներ և լեգենդար հերոսներ:

Հանրապետության նախագահը նշեց, որ նոր ժամանակների բանակը՝ որպես կյանքի ինքնատիպ դպրոց և համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն. բանակն իսկապես հասարակության հայելին է:

«Բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն իր սեփական պաշտպանությանը, այլ նաև մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը` սերտորեն համագործակցելով գիտական մարմինների, գործարար շրջանակների և բոլոր այն քաղաքացիների հետ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ:

Բանակի և զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է. բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ սրտացավությամբ, հոգատարությամբ և սիրով»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, որ նախագահի ինստիտուտը նախատեսել է իրականացնել «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և հաշմանդամություն են ձեռք բերել:

Նա նաև նշեց, որ նախատեսում են աշխատանքներ տանել հաշմանդամության կարգ ստացած զինծառայողների համար աշխատանք գտնելու ուղղությամբ:

«Որպես օրինակ բարոյական պարտականություն ենք ստանձնել, որ մոտակա շրջանում ՀՀ նախագահի աշխատակազմում ընդունենք երկուսից երեք հաշմանդամ զինծառայող»,- ասաց նա՝ հավելելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Գոռ Դարմանյանին արդեն ընդունել են աշխատանքի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ