Միջազգային - Ռուսաստանից Վենեսուելա են ժամանել վարձկաններ՝ Մադուրոյի անվտանգությունն ապահովելու համար. Reuters

Վենեսուելա են ժամանել ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները, որոնց առաջադրանքն է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգությունն ապահովելը, գրում է Reuters-ը՝ աղբյուրների հղումով:


Մի աղբյուրի հաղորդմամբ՝ Վենեսուելայում կարող է գտնվել մոտ 400 ռուս վարձկան: Մյուս աղբյուրները խոսում են սակավաթիվ խմբերի մասին:


Ինչպես գրում է գործակալությունը՝ Վենեսուելա ուղարկված մարտիկները կապ ունեն «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ:


ՌԴ ՊՆ-ն և Վենեսուելայի կապի նախարարությունը գործակալության հարցերին չեն պատասխանել:


Հայտնի է, որ անցած չորեքշաբթի Խուան Գուաիդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել, ինչից հետո նրա կարգավիճակը ճանաչել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Կանադան ու Կոլումբիան: Մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին, որի պնդմամբ՝ ինքն ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձի զոհն է:


Մադուրոն Միացյալ Նահանգների հետ խզել է դիվանագիտական կապերը, իսկ Վաշինգտոնն էլ Վենեսուելայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը:


Մադուրոն հայտարարել է, որ Գուաիդոն Միացյալ Նահանգների «խամաճիկն» է, ու անում է այն, ինչ նրանք են ասում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ