Հասարակություն - Արդարադատության նախարարության նախաձեռնությունը մանկական աթոռակների պարտադիր կիրառման մասին կենսունակ չէ

Հայաստանի արդարադատության նախարարության նախաձեռնությունը ավտոմեքենաներում երեխաների համար անվտանգության միջոցների ներդրման մասին հիանալի է, բայց, ցավոք, կենսունակ չէ։ Այս կարծիքն է հայտնել «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը հունվարի 26-ի մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ carseat-ների ներդրման գաղափարը լայն աջակցություն է գտել ողբերգական պատահարից եւ փոքրիկ տղայի զոհվելուց հետո։ Պատահարի մեղավորը, ի դեպ, բաց է թողնվել համաներմամբ։


«Օրինագիծը շատ ավելի լայն է, քան հանրային քննարկումներ առաջացրած քարսիթի գաղափարը։ Օրինագիծը նախատեսում է մինչեւ 7 տարեկանների համար աթոռակների ներդրում պարտադիր կարգով։ 7-12 տարեկան երեխաների համար պարտադիր է՝ երեխայի հասակից և քաշից ելնելով, և եթե նա նստած է առջևի նստարանին»,- նշել է Դավիթ Պեդանյանը՝ ասելով, որ վատ չէր լինի, եթե պետությունը հոգար այն ընտանիքներին օգնելու մասին, որոնց համար աթոռակներ ձեռք բերելը դժվար է։

«Մենք միշտ իշխանություններին կոչ ենք արել չընդունել օրենքներ, որոնք անհնար է վերահսկել ու իրագործել։ Քանի որ Հայաստանում թույլատրված են մգեցված հետևի ապակիները, ՃՈ աշխատակիցը պարզապես չի կարող տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում, կա՞ արդյոք սրահում երեխա եւ ինչպե՞ս են պահպանված անվտանգության միջոցները»,- հիշեցրել է Պեդանյանը։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ շատերը ճիշտ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է տեղափոխել երեխային քարսեթի բացակայության դեպքում. «Վարժվել են երեխային գիրկը նստեցնել՝ չիմանալով անվտանգության կանոնները, և ոչ ոք նրանց դա չի սովորեցնում»։

Մեկ այլ խնդիր են հասարակական տրանսպորտն ու տաքսիները։ «Հասարակական տրանսպորտը Հայաստանում առհասարակ առանձին թեմա է, այն պարզապես վտանգավոր է բոլոր մարդկանց համար՝ անկախ տարիքից։ Արտոնագրման ժամանակ տաքսիների համար նույնպես պարտադիր չէ, որ դրանք ապահովեն երեխաների ու հաշմանդամների տեղափոխումը։ Հաշմանդամների համար ընդհանրապես չկա։ Օրենքը պետք է տարածվի տրանսպորտի բոլոր տեսակների վրա»,- հիշեցրել է Պեդանյանը։

«Հասկանալի է, որ շատերի համար վարկով մեքենա ձեռք բերելը դժվար է, իսկ հիմա էլ քարսիթ պետք է գնել։ Իսկ եթե երեխաները շա՞տ են։ Օրինակ, չորսը»,- նշել է ՀԿ ներկայացուցիչը։ «Ես ինքս նման օրենք չէի ընդունի։ Ես քարսիթի կողմնակից եմ, երեխաների անվտանգության, բայց օրենքը թերի է»,- կարծում է Դավիթ Պեդանյանը։ Նրա խոսքով՝ շատերին, ելնելով անցյալի դառը փորձից, թվացել է, թե աթոռակների ներդրումը կապված է մի ինչ-որ բիզնեսի հետ։ Նա նաև նշել է, որ չկա վիճակագրություն, թե քանի երեխա է տուժել ճանապարհատրանսպորտային պատահարներից՝ ամրագոտով կապված չլինելու պատճառով։

Բացի քարսեթների ներդրումից՝ օրենքը նախատեսում է ճանապարհներ հեծանվորդների համար, առաջին անգամ տրվում է հիբրիդային շարժիչի սահմանումը, միասնականացվել է օղակաձև խաչմերուկների երթևեկությունը (ցայժմ ՃՏՊ խախտումներում գործում էր երկու սխեմա)։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ