Հասարակություն - Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից. ԱՀԿ տեղեկագիր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր facebook-ի էջում համառոտ տեղեկագիր է ներկայացրել «Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի անդամ երկրներում (այդ թվում և Հայաստանում) վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունն և այդ հիվանդություններից մահացությունն աճել է 2-3 անգամ:
Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից: Մահվան հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (55.6%), չարորակ նորագոյացությունները (20.4%), շաքարային դիաբետը (3%) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (2.4%):
Համաձայն Հայաստանի ԱՆ պաշտոնական տվյալների` Հայաստանի բնակչության շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններով ընդհանուր հիվանդների թիվը 2010-2017թթ. 1318-ից աճել է մինչև 1974:
Հարկ է նշել, որ վերոնշյալ հիվանդություններից Հայաստանում անհանգստացնող վիճակագրություն ունի տղամարդկանց շրջանում տարածված թոքերի քաղցկեղը, որը 5-6 անգամ բարձր է կանանց համեմատ: Սա պայմանավորված է Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ. ծխում է չափահաս տղամարդկանց 51.5%-ը: Այս վնասներին գումարվում է նաև ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը չծխող բնակչության առողջության վրա: Որպես արդյունք, ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունը (մինչև 65 տարեկան) կազմում է 18.6%: Հայաստանում վաղաժամ մահացության ցուցանիշը (485 մահ 100 000 մարդու հաշվով) զգալի գերազանցում է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշը (380 մահ 100 000 մարդու հաշվով): Չնայած մինչ այդ կիրառված ջանքերի, ցուցանիշը 2014 թվականից այն կողմ գրեթե չի բարելավվում:
Ոչ վարակիչ հիվանդությունները հսկայական բեռ են պետական բյուջեի համար: Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ արյան շրջանառության համակարգի/սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների, համատեղ գնահատված ծախսերը կազմել են 356,4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 6.4%), այդ թվում.
Ø 67.6 մլրդ դրամ՝ պետության կողմից կատարվող ուղղակի ծախսերը (բուժում, դեղորայք, ախտորոշիչ թեստեր),
Ø 288.8 մլրդ դրամ՝ տնտեսության անուղղակի ծախսերը (աշխատուժի արտադրողականության կորուստ, վաղաժամ թոշակ եւ հիվանդության հետ կապված ծախսեր):
Ինչպես պնդում և ապացուցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բազմաթիվ երկրների գիտահետազոտական կենտրոնները, «ծխախոտի օգտագործման նվազեցումն պետության համար ամենաարագ և ամենաէժան միջոցն է իջեցնելու բնակչության՝ քաղցկեղից և այլ ոչ վարակիչ հիվանդություններից մահերի թիվը»: Սա նաև արդյունավետ միջոց է պայքարելու վերջին տասնամյակներում «երիտասարդացող» ոչ վարակիչ հիվանդությունների դեմ (վիճակագրությունը վկայում է դեռահաս կամ երիտասարդ տարիքում ծխել սկսելու աճի միտման մասին):
Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության Շրջանակային կոնվենցիայի և ռազմավարությունների իրականացման շնորհիվ ծխելու տարածվածությունը 5 տարիների ընթացքում կարելի է կրճատել 42%-ով, 15 տարիների ընթացքում՝ 54%-ով, իսկ 40 տարիների ընթացքում՝ 63%-ով, որի շնորհիվ հնարավոր է կանխարգելել 187 000 մահվան դեպքեր և տնտեսել պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունների վրա ծախսվող հսկայական գումարները (օրինակ՝ պետական պատվերի շրջանակներում իրականացվող սրտային ստենտերի անվճար տեղադրումը):
Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը համապատասխանում է նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների 3.4 կետին՝ «մինչև 2030 թվականը մեկ երրորդով նվազեցնել ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունը…», որն իրագործելու համար Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր հանձնառությունը 2015 թվականի ՄԱԿ-ի ուղենիշային գագաթնաժողովում:
100% անծուխ միջավայր պահանջող օրենսդրություն ընդունած մի շարք եվրոպական երկրներ արդեն իսկ կարողացել են տնտեսել մեծ ֆինանսական միջոցներ, որոնք այդ երկրները ուղղում են պետական նշանակության զանազան ծրագրերի ուղղությամբ (օրինակ՝ հանրային առողջապահության և սոցիալական ծրագրերի իրականացում, նոր ենթակառուցվածքների հիմնում, կրթական և հանրային իրազեկման ծրագրերի իրականացում):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ