Հասարակություն - Նախագահի տիկինն այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ:

««Բարի տնակ», «Բարի մամա» կոչվող բարեգործությունը համեստորեն, սուս ու փուս իրենց գործն արել են, և շատ հայտնի չեն, ինձ համար հայտնագորոծություն էր պարզել, որ այս բարեգործությունը գոյություն ունի: Եվ հիմա, առաջին անգամ, մտնելով իսկապես այս բարի տեսքով տնակը, շատ տպավորված եմ և հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց ինչով կարող եմ: Եվ, վստահ եմ, որ իրենք շատ հաջող ապագա ունեն», – ասել է Նունե Սարգսյանը:

Նունե Սարգսյանն ասել է, որ աշխարում հիմա հաշմանդամությունն այլևս կոծկված չէ: Պետք է անել հնարավորը, որ կարիքներ ունեցող ու հաշմանդամ երեխաները դառնան հասարակության լիարժեք անդամ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պետք անել հենց հայաստանում, ասել է.

«Պետք է մոտեցումը փոխենք հաշմանդամություն ունեցող երեխաների ու այլ անձանց հանդեպ: Համարենք, որ նրանք մեր մասն են: Նրանք առողջ են, բայց ինչ-որ թերություն ունեն, բայց մարդիկ բոլորը թերություն ունեն: Մեկն, ասենք, չար մարդ է, դա էլ հաշմանդամություն է: Չարություն ունենալը սրտի մեջ, դա հաշմանդամություն է, նախանձ լինելը հաշմանդամություն է, բայց, ասենք, կույր լինելը, համր լինելը, չլսելը, վերջույթների պակաս ունենալը և այլն, հենց դա է համարվում հաշմանդամություն, ինչու՞: Կարևոր է, որ մենք փոխենք մեր մոտեցումն էսպիսի անձանց ու մանուկների հանդեպ, նրանց ընդունենք մեր մեջ»:

ՀՀ նախագահի տիկինը կարևորել է խնդիրներ ունեցող փոքրիկներին արվեստ ու արհեստ սովորեցնելը, ինչի արդյունքում նրանք չեն մեկուսացվի ու մենակ չեն զգա: Պետք է հանել այդպիսի երեխաներ ունեցող ընտանիքներում կարծրացած այն մոտեցումը, թե նրանք թերի են:

«Մեր քաղաքում պետք է հարմարություններ ստեղծենք այսպիսի անձանց մոբիլ շարժման համար: Մայթերը հարմար չեն, պետք է հարմարեցնել, պետք է էսկալատորներ, վերելակներ ավելացնենք շինություններում, անցումներում, որպեսզի այդ մարդիկ հեշտությամբ դուրս գան ու ճամփորդեն», – հավելել է Նունե Սարգսյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ