Հասարակություն - Ինձանից մինչև տեսուչ ու հավաքարար բոլորը պարգևատրվել են. ՊԵԿ նախագահ

Հայաստանի ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հունվարի 24-ի Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՊԵԿ աշխատակիցներին տրվող պարգևատրումների մասին: Անանյանը նշեց, որ լրատվական ծառայությունն արդեն ներկայացրել է պարզաբանում, ապա ընդգծեց.


«Կոնկրետ թվեր չեմ բերելու, որովհետև անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման պարտականություն ունենք, համբերությամբ զինվենք, ես երբ ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողով, դուք այնտեղ կտեսնեք իմ թվերը: Տեղեկատվությունը սուտ է այն առումով, որ նման պարգևատրումներ հնարավոր չէ, որ լինեն, չկան այդպիսի պարգևատրումներ, այդպիսի թվեր չկան: Առձեռն վճարված պարգևատրման չափը առավելագույնը կազմել է 1,5 մլն դրամ»:

 

ՊԵԿ նախագահը կրկին հավաստիացրեց, որ այդ տեղեկատվությունը սուտ է, այդպիսի պարգևատրումներ չկան, իսկ ինչ վերաբերում է պարգևատրումների իրական չափին, ասաց, որ անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենք կա, որը հաշվի առնելով` կարող է հրապարակել միայն իրեն վերաբերող տեղեկատվությունը, որը պատրաստվում է հրապարակել իր տարեկան հաշվետվության մեջ:

«Ինձանից մինչև տեսուչ ու հավաքարար բոլորը պարգևատրվել են: Արձակուրդային վճարը վճարելիս կա նաև հավելավճար: Այն, ինչ կատարվել է, հաշվարկվել է, վճարվել է, բացառապես օրենսդրության շրջանակներում է եղել, ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է և ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի, որովհետև այստեղ ավելի մեծ են կոռուպցիայի և կաշառակերության ռիսկերը: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը համարժեք, արժանապատիվ և մոտիվացիոն համակարգեր ստեղծելն է»,- ասաց նա:

 

Անանյանը վստահեցրեց` բոլորը ստանում են ադեկվատ, իրենց մասնակցության, իրենց ստեղծած արժեքին համապատասխան պարգևատրումներ, դա չափվում է կոլեգիալ, սակայն կա դրա մեջ նաև սուբյեկտիվիզմ` ելնելով նրանից, որ ինքը ղեկավարում է այդ կառույցը:

Լրագրողները հետաքրքրվեցին` եթե մեծ չափով պարգևներ, հավելավճարներ չստանան, իրենք կոռուպցիայի մա՞ս են կազմելու:

«Ես չասացի, որ դա միակ գործիքակազմն է, սա կարևորագույն գործիքակազմ է, այստեղ մարդկային անձնական արժեքային համակարգերի հետ պիտի համադրվի այդ ամենը, եթե մենք հայրենասիրության սերմեր ենք ցանում մեր հասարակության մեջ և մարդկային արժեքներ ենք ուզում պրոպագանդենք, որ մարդիկ լինեն հայրենասեր, ունենան բարձր արժեքային համակարգ, և դրանով սահմանափակվում ենք, մենք երկար ճանապարհ չենք գնա»,- ասաց Անանյանը:

Նա նաև մեջբերեց մի հումորային արտահայտություն` «շատ հայրենասերը վերջերս պարզեց, որ այլևս չի ձգում»:

ՊԵԿ նախագահի խոսքով` հայրենասիրությունը, արժեքային համակարգերը, ադեկվատ վարձատրությունը կաշառակերության դեմ պայքարի անկյունաքարն է: Նրան հարց ուղղվեց` չի՞ պատրաստվում դատի տալ այն լրատվամիջոցին, որը հրապարակել է ՊԵԿ-ում պարգևատրումներ ստացած անձանց անուններն ու պարգևների չափերը՝ հաշվի առնելով, որ հրապարակումը օրենքի խախտում է:


«Մամուլին դատի տալը լավ չէ»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ