Հասարակություն - Նարեկ Սարգսյանը Պրահայում արդեն մեկուկես ամիս արգելանքի տակ է

Սերժ Սարգսյանի եղբորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։ Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ նրա էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Ներկայումս քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Բացի այս, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ դեռեւս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները՝ հրաժարվել է դրանք վերադարձնել։

ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետեւանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաեւ՝ 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ եւ զարդեր։

2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ