Հասարակություն - Մինչև 7 տարեկան երեխաներին մեքենայով տեղափոխելիս պարտադիր կլինի քարսիթի օգտագործումը․ ԱՆ նախագիծը

Արդարադատության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաներին մեքենայով կարելի է տեղափոխել միայն քարսիթով՝ երեխայի չափով պատրաստված նստատեղով, որն ամրացվում է անվտանգության գոտիներով։

Մինչև 12 տարեկանների դեպքում քարսիթի փոխարեն հնարավոր կլինի երեխային ամրացնել ամրագոտիներով։ Իսկ մեքենայի առջևի նստարանին նրանց նստելը նույնպես պարտադիր քարսիթ կպահանջի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում։

Խնդիրը ներկայացնելիս նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս առկա կարգավորումները (գործող որոշման 159-րդ հոդվածը) բավարար չեն․

«Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարացնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով»։

Դրա համար նախարարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, որով նախատեսվում է, որ ամեն տարիքի ու հասակի երեխայի համար պետք է մեքենայում լինի համապատասխան սարք, հարմարանք (քարսիթ), որում կտեղավորվի երեխան։

Նույն նախագծի համաձայն՝ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլետի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ