Մշակույթ - Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը չի ուզում հեռանալ և կողպել է թատրոնի դուռը

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում ստեղծված թեժ իրավիճակը չի հանդարտվում: Նախարարության հրամանով պաշտոնից ազատված նախկին տնօրենը չի ուզում հեռանալ։ Գայանե Կարապետյանը փոխել է մուտքի դռան կողպեքը, որպեսզի նոր տնօրենը՝ Լիլիթ Փալանջյանը, չկարողանա մուտք գործել շենք։

Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը չի ընդունում մշակույթի նախարարության կայացրած որոշումը ՝իրեն պաշտոնից ազատելու և տնօրենի նոր՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ: Ասում է՝ որոշում կայացնելիս պետք է իրեն տեղյակ պահեին։

«Իմ՝ պաշտոնից ազատվելու մասին նորությունը ես մամուլից եմ իմացել: Դա նորմա՞լ է: Բացի դրանից, երբ տնօրենին ազատում են պաշտոնից, մինչև նոր մրցույթ հայտարարելը նախկին տնօրենը մնում է ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս դեպքում, ես անգամ չեմ իմացել, որ ազատվել եմ պաշտոնից»,– ասաց տիկին Կարապետյանը։

Կարապետյանը պնդում է, որ մինչև այսօր չի տեսել իր հրամանը: Միայն գիտի, որ իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Լիլիթ Փալանջյանին:

«Նախ, առանց զգուշացնելու ինձ ազատում են պաշտոնից, հետո էլ գալիս, կողպեքն են ջարդում ու ներս մտնում: Ու այդ ամենն այն ժամանակ, երբ մենք թատրոնի անձնակազմով Աշոցքում ներկայացում էինք խաղում»,– պատմեց տիկին Կարապետյանը։

Թատրոնի դերասանուհի Մերի Հակոբյանն ավելի վիրավորական է համարում այն, որ նորանշանակ պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը մուտք գործելով թատրոնի տարածք՝ ոչ թե փորձել է ծանոթանալ անձնակազմին, թատրոնի գործուենությանը, այլ սկսել է հեգնանքով խոսել դերասանների հետ՝ իրեն վեր դասելով իրենցից:

«Մի մարդ, ով քամահրանքով է խոսում այն կոլեկտիվի անդամերի հետ, որի ղեկավարն է լինելու, չպետք է սպասի, որ իրեն լավ կընդունեն կամ ցանկություն կունենան իր հետ աշխատելու: Ներս մտավ ու հարցրեց՝ դուք ովքե՞ր եք: Ասացինք՝ այս թատրոնի դերասանները: Ասաց՝ գոնե դերասանական կրթություն ունե՞ք: Հիմա ի՞նչ, մենք էլ պետք է հարցնեի՞նք նույն ձևով, թե ինքը որտեղ է սովորել ու բարձրագույն կրթություն ունի՞ արդյոք»,– ասաց նա։

Դերասանուհին նշում է, որ սկզբում իրենք պատրաստ էին աշխատելու նոր տնօրենի հետ, և ամենևին էլ պարտադիր չէ, որ տնօրենի պաշտոնում միայն տիկին Կարապետյանը լինի: Բայց նման վերաբերմունքից հետո կոլեկտիվը չի ցանկանում աշխատել Փալանջյանի հետ:

Խորեոգրաֆիայի թատրոնի դերասան Սամվել Սարգսյանը չի ընդունում այն, որ նախարարությունն առանց նախապես զգուշացնելու մուտք է գործել թատրոնի տարածք, և այդ քայլը որակում է որպես ներխուժում. «Կարող էին ամեն ինչ անել մարդավարի: Այդքանը: Եթե որևէ մեկը ուզում է թատրոնի համար մի լավ բան անել, դա պետք է մյուսներն էլ նկատեն: Իսկ եթե մարդն իր տեղում չէ, ուրեմն պետք է հիշել, որ սխալ մեղուները սխալ մեղր են սարքում»:

Թատրոնի անձնակազմին նախարարությունը մեղադրում է թատրոնի սկզբնական նշանակությունից ու նպատակներից շեղվելու մեջ: Ըստ կանոնադրության՝ թատրոնը բալետային է, ոչ թե մյուզիքլային, ինչպես հիմա: Թատրոնի անձնակազմն էլ նշում է, որ մյուզիքլը աշխարհում պահանջված ժանր է, և իրենք ամեն ինչ անում են այն Հայաստանում ևս զարգացնելու համար:

Գայանե Կարապետյանը չի հասկանում, թե ինչու են հանկարծ սկսել հետաքրքրվել Խորեոգրաֆիայի թատրոնով: Ամիսներ առաջ նա անձամբ դիմել է նախարարին ու փոխնախարարին՝ թատրոնի խնդիրների լուծմանն աջակցելու խնդրանքով, բայց արձագանգ չի ստացել. «Հիմա հանկարծ որոշել են տնօրեն փոխել: Պայմանները, որտեղ մենք ստեղծագործում ենք, նկարագրել էլ հնարավոր չէ: Լուսավորողը տանիքի վրայով է բարձրանում ներս, որ տեղադրի լույսերը, հետո իջնի խցիկ՝ կառավարելու: Տեղ չկա նույնիսկ, որ դերասաններն իրենց հագուստը փոխեն ու բեմ բարձրանան: Ու ասում են, թե պետք է բալետային ներկայացումներ բեմադրեն այստեղ: Բեմի վրա նորմալ քայլել անգամ չի լինում, ուր մնաց՝ բալետ պարել»:

Հանդիսատեսի մուտքի համար նախատեսված հատվածն էլ է անմխիթար վիճակում: Տիկին Կարապետյանը նշում է, որ տանիքն այնքան խարխուլ է, որ ամեն պահի կարող է փլվել: Նախկին տնօրենն այն դեպքում կհասկանար նախարարության քայլը, եթե թատրոնը վերանորոգելու որոշում կայացվեր:

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը հերքում է, թե ինքը որևէ բացասական վերաբերմունք է ցույց տվել թատրոնի դերասանների նկատմամբ: «Քանի որ մինչ իմ այցը ինձ որևէ հաստիքացուցակ չէր տրամադրվել, ես անձնակազմի անդամներին պարզապես հարցրի՝ իրենք դերասաննե՞ր են և ունե՞ն աշխատանքային պայմանագրեր: Մեր միջև կոնֆլիկտ չի եղել: Ավելին ասեմ՝ մենք իրար բարեկամաբար հրաժեշտ ենք տվել»,– ասաց նա։

Գայանե Կարապետյանը նշում է, որ ինքն արդեն դիմել է փաստաբանների, քանի որ նախարարությունն իրավական խախտումներ է արել, հանձին փոխնախարար Նազենի Ղարիբյանի: Նախկին տնօրենը հուսով է, որ խնդրի հանգուցալուծումը կլինի հօգուտ թատրոնի:

Նոր տնօրենը փաստորեն միայն մեկ անգամ է եղել շենքում, հիմա աշխատանքը սկսելու իմաստ չի տեսնում, մինչև նախկին տնօրենի հարցը նախարարությունը չլուծի։

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ