Քաղաքական - Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ. Արմեն Գևորգյան

Մի հատ ինձ նայեք, ես իմ տեսակով ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17–ին Վերաքննիչ քրեկան դատարանում հայտարարեց Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք ինքը ժամանակին ճնշում գործադրել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի առիթը ՍԴ անդամի վրա ճնշումն է։ «Երբ Սահմանադրական դատարանը պետք է քննարկի մյուս թեկնածուների բողոքները՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, ինչ է տեղի ունենում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ըստ գործի տվյալների, ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի կայացվի Սերժ Սարգսյանի օգտին որոշում»,–հայտարարել էր նա։

Նշենք, որ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստին հանդես է եկել հայտարարությամբ.

«Ես հայտարարությամբ հանդես եկա , ներկայացրեցի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին ։ Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները եւ՛ դատախազությունում, եւ՛ քննչական մարմիններում, ամեն ինչ անեն, որ գործը անաչառ ության, օբյեկտիվության եւ հանգիստ մթնոլորտում քննվի , որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա եւ բոլորս իմանանք ինչ էր եղել եւ ինձանից ինչ էին ուզում»,–ասաց նա։

Հարցին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից արդյոք որևէ հրահանգ ստացե՞լ է Մարտի մեկի գործի հետ կապված, Գեւորգյանը պատասխանեց.

«Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ հիշեցնել , ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում , որ չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»,– ասաց նա՝ լրագրողներին հորդորելով համբերել։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ Հայաստանի ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) Հայաստանի ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ