Քաղաքական - Հայտնի գաղտնալսման առնչությամբ առաջիկայում պետք է սպասել Հայաստանի պարտությանը ՄԻԵԴ-ում. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության առնչությամբ առաջիկայում պետք է սպասել Հայաստանի պարտությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. «Քանի որ բաց, հրապարակային քննություն չկա այն մասով, թե ով ում զանգեց և ինչի համար, վաղը կամ մյուս օրը մեր պետությունը պատասխան է տալու»։

Մարուքյանի խոսքով՝ հակառակ դեպքում, պետք է սպասել Հայաստանի պարտությունը եվրոպական դատարանում։

«Այն մարդիկ, ում որ շատ շատերը ուզում են, որ դատվեն, ինչ–որ մարդիկ էլ չեն ուզում, որ դատվեն, էդ գործերը քանդվելու են, եթե մենք այստեղ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում այդ հարցերը չբերենք, քննարկման առարկա դարձնենք ու այդ խնդիրները շտկենք»,–նշեց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հարցով խոսել է ԱԺ–ում և կարծես թե արդարացրել ՀՔԾ պետին ու ԱԱԾ տնօրենին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Վարչապետը Ազգային ամբիոնից հայտարարեց, որ օրենքի խախտում չկա, բայց դա պետք է արձանագրել համապատասխան պրոցեդուրաներով, դրանցից մեկը խորհրդարանական վերահսկողությունն է, թող ստեղծվի, օրինակ, Քննիչ հանձնաժողով, քննի ու ասի՝ խախտում չկա»։

Նրա համոզմամբ՝ պետք է պրոցես լինի, ոչ թե հայտարարություն։ «Վաղը Եվրոպական դատարանի դատավորները կասեն՝ ո՞վ ա ասել, վարչապետը, բա կարո՞ղ է ասեր՝ խախտում կա»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ համացանցում էր հայտնվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության, որտեղ նրանք խոսում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքիև ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարի Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով։ Նշենք, որ որոշ ժամանակ անց հրապխարակվեց նրանց մեկ այլ գաղտնալսված հեռախոսազրույց ևս։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ