Քաղաքական - Շատ ուրախ եմ, դա նշանակում է, որ ես ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում եմ. Ալեն Սիմոնյանը իր թեկնածությանը դեմ քվեարկած պատգամավորների մասին

Չեմ փնտրել այն մարդկանց, որոնք դեմ են քվեարկել իմ թեկնածությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի ընտրության ժամանակ 20 պատգամավոր նրան դեմ էր քվեարկել:

«Այդուհանդերձ, նաև շատ ուրախ եմ, որովհետև դա նշանակում է, որ այնուամենայնիվ ես ինչ-որ հետաքրքրություն ներկայացնում եմ և դիմադրություն կա դրա հետ կապված»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ «Իմ քայլը» նախընտրեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում տեսնել ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանին, այլ ոչ «Լուսավոր Հայաստան» թեկնածու Մանե Թանդիլյանին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք առաջնորդվել են ժողովրդի տված քվեով ու քանի որ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն է հավաքել ընտրություններում, որոշում է կայացվել սատարել ԲՀԿ-ի թեկնածուին:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ իրենց սիրելի ընդդիմությունը ԲՀԿ-ն է, որովհետեւ ունի երկու հանձնաժողովի նախագահ եւ մեկ փոխնախագահի պաշտոն, իսկ ԼՀԿ-ն միայն մեկ հանձնաժողով է գլխավորելու, Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց դրա հետ՝ նշելով. «Մենք շատ ավելի տարբեր ենք ԲՀԿ-ի հետ եւ շատ ավելի ընդհանուր բաներ ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ»:

Նրա խոսքով, եթե մյուս ընտրություններին լինի այնպես, որ ասենք ՔՊ-ն լինի երրորդ տեղում, իրենք կընդունեն այն վերաբերմունքը, որն այսօր իրենք կիրառում են ԼՀԿ-ի հանդեպ. «Ի վերջո, մենք հանձնաժողովների թիվն ավելացրել ենք, ինչը չարեց նախորդ իշխանությունը, որ ընդդիմությանը զրկի հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից:

Չնայած այս խոսակցություններին, չափազանց լավ գործընկերային հարաբերություններ ու աշխատանքային մթնոլորտ է թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության, թե ԲՀԿ-ի հետ»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ