Քաղաքական - Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր. Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հունվարի 16-ին խորհրդարանում ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին դիմելով`ասաց, որ Սփյուռքը նախկինում մշտապես դիտվել է որպես դրամապանակ, չենք ունեցել Սփյուռքի հետ փոխհարաբերությունների ու աշխատանքի ռազմավարություն:

Հաշվի առնելով, որ Հայրապետյանը պաշտոնավարել է, նախորդների թողած տեղեկատվական բազային ծանոթացել, Սամսոնյանը հետաքրքրվեց` ի՞նչ թերացումներ է նա արձանագրել ու ի՞նչ նոր մոտեցումներ է փորձել ներդնել: Սամսոնյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի՞ն է այդ հարաբերությունների վերաբերյալ նրա տեսլականը` Սփյուռքի ներուժը ոչ միայն բարեգործության, այլ նաև հանրային դիվանագիտության ոլորտում կիրառելու համար:

Պատգամավորը նաև հայտնեց` կա կարծիք, ըստ որի` ավելի ճիշտ կլինի, որ Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգող մարմինն ունենա ոչ պետական ձևաչափ, որպեսզի կարողանան այդ ձևաչափում խուսափել նաև այլ երկրների ներքին գործերին միջամտելուց:

Հայրապետյանը պատասխանեց, որ իր գործունեության ութ ամիսների ընթացքում մի խումբ սփյուռքագետների հետ իրենք Սփյուռքի հետ քաղաքականության, ռազմավարության նոր կոնցեպտ են մշակել: Նա տեղեկացրեց, որ նախարարության գործունեության 10 տարիների ընթացքում և դրանից առաջ, ըստ էության, ռազմավարություն չի եղել, իրենք մշակել են սևագիր տարբերակը, որ պետք է տաներ նրան, որ ունենայինք այդ ռազմավարությունը: Հայրապետյանը խոստացավ` հետևողական է լինելու, որ նաև խորհրդարանական հարթակն օգտագործվի այդ ռազմավարության մշակման համար:

«Սփյուռքը որպես քսակ էր դիտարկվում, այդ քաղաքականությունը պիտի փոխվեր, պիտի լիներ երկկողմանի փոխշահավետության` «Ուժեղ Հայաստան – Ուժեղ Սփյուռք, Ուժեղ Սփյուռք-Ուժեղ Հայաստան» սկզբունք: Նախարարության գոյության ողջ ընթացքում խորքային հետազոտություններ չեն արվել գույքագրման առումով, թե որտեղ ինչ ունենք, մտավոր ներուժի բազան սահմանափակ էր»,- ասաց նա:

Նախկին նախարարը նշեց նաև, որ հասկանալի չէր, թե քանի միլիոն է Սփյուռքը` 7, թե 12, և այստեղ պետությունը պետք է մասնավորի հետ էլ համագործակցի: Նա նաև խոստովանեց` Սփյուռքի հետ հարաբերությունները համակարգող մարմնի` ոչ պետական ձևաչափ ունենալու մասին կարծիք չէր լսել, առաջին անգամ է լսում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ