Միջազգային - Թրամփը ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին ակտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ Սենատում և Կոնգրեսում արժանացել էր հավանության: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:

Փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք նշել են, որ այս օրենքը հաղթանակ է նոր ցեղասպանությունների ու վայրագությունների կանխարգելման քաղաքական գործընթացների առումով:

«Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ողջունում է նախագահի կողմից Էլի Վիզելի «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» ակտի ստորագրումը և շնորհակալություն հայտնում բոլոր օրենսդիրներին, որոնք աջակցել են գործընթացին:

Որպես ամերիկահայեր և ցեղասպանություն վերապրածների ժառանգներ՝ մենք հատկապես ուրախ ենք տեսնել այս օրենքի ստորագրումը:

Այն խոսում է անցումային արդարադատության, քրեական պատասխանատվության և բարոյական հրամայականի մասին, այն է՝ դասեր քաղել անցյալի ցեղասպանություններից՝ փորձելով կանխել նոր վայրագությունները»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ