Միջազգային - Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե այդ երկիրը հարձակվի Սիրիայի քրդական ուժերի վրա: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

Թրամփը հորդորել է քրդերին զերծ մնալ Թուրքիայի նկատմամբ սադրիչ գործողություններից՝ միևնույն ժամանակ նշելով, որ 20 մղոն (32կմ) երկարությամբ անվտանգության գոտի է ստեղծվելու:

ԱՄՆ նախագահի հրապարակման մեջ ասվում է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայից, այնուամենայնիվ, շարունակում է մնալ երկարաժամկետ քաղաքական շահառու:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացրած քաղաքականությունից ավելի շատ օգտվել են Ռուսաստանը, Իրանը և Սիրիան:

«Մենք նույնպես շահառու ենք, բայց ժամանակն է մեր զորքը հետ բերել տուն: Վերջ՝ անվերջ պատերազմներին», - նշել է Թրամփը:

Ի պատասխան Թրամփի` Թուրքիան տնտեսապես ավերելու հայտարարությանը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը Twitter-ում գրել է.

«Հարգարժան Դոնալդ Թրամփ, չեն կարող ահաբեկիչները լինել Ձեր գործընկերն ու դաշնակիցը: Թուրքիան ԱՄՆ-ից սպասում է, որ վերջինս կատարի ռազմավարական գործընկերության պարտականությունները: Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն դա ստվերի ահաբեկչական քարոզչությամբ»:

Քալընի հրապարակման մեջ մեկ անգամ ևս ընդգծվում է, որ իրենց համար տարբերություն չկա ԻՊ-ի, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) միջև և որ շարունակելու են վերջիններիս դեմ պայքարը:

Իբրահիմ Քալընը հայտնել է. «Ճակատագրական սխալ է Սիրիայի քրդերին համեմատել ԱՄՆ-ի ահաբեկչական կառույցների ցանկում հայտնված PKK-ի և վերջինիս սիրիական թևը համարվող PYD/YPG-ի հետ»:

Քալընի փոխանցմամբ` Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Ըստ նրա՝ Թուրքիան քրդերին ու մյուս սիրիացիներին պաշտպանելու է ահաբեկչական սպառնալիքից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ