Տարածաշրջան - Թուրքիայում ազատ են արձակել ահաբեկչության քարոզչության մեջ մեղադրվող նախկին պատգամավորին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Էրեն Էրդեմը, որին հունիսին ձերբակալել էին ահաբեկչություն քարոզելու կասկածանքով, ազատ է արձակվել կալանքից՝ դատական վերահսկողության ներքո:

Ինչպես տեղեկացնում է Daily Sabah-ը, երկուշաբթի դատարանը որոշել է ազատ արձակել նախկին պատգամավորին, ինչպես նաև երկարաձգել է երկրից դուրս գալու՝ նրա նկատմամբ սահմանված արգելքը:

Անցյալ տարվա հունիսին Էրդեմին, որն այն ժամանակ խորհրդարանի պատգամավոր էր, ձերբակալել էին ահաբեկչության քարոզչության կասկածանքով: Նրա կուսակցի խոսքով՝ գործն օգտագործվում է կուսակցությանն ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ մեղադրելու համար: Բացի դրանից, Էրդեմին մեղադրում էին հետաքննության գաղտնիքները բացահայտելու և ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեջ: Այդ մեղադրանքներով նրան 9,5-22 տարվա ազատազրկում էր սպառնում:

Ինչպես աղբյուրը նշում է, նախկին պատգամավորին մեղադրում էին նաև իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանն (FETO) օգնություն տրամադրելու մեջ: Վերջինիս երկրի իշխանությունները մեղադրում են 2016-ին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ