Տարածաշրջան - Ադրբեջանը ավելացրել է Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի գնման ծավալը

Անցած 2018 թվականին Ադրբեջանն էապես մեծացրել է Թուրքիայից գնվող պաշտպանական և ավիացիոն արտադրանքի ծավալները՝ հասցնելով դրանք 63,409 մլն ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տրամադրած տվյալներից, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:


Հայտնի է, որ այս թիվը 86 տոկոսով ավելի է 2017 թվականի տվյալների համեմատ. նախանցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայից գնել էր 34,143 մլն դոլարի պաշտպանական ու ավիացիոն արտադրանք:

Թուրքական պաշտպանական ու ավիացիոն արտադրանքի գնման ծավալների կտրուկ ավելացման առումով բացարձակ ռեկորդակիր է Օմանը, որն անցած տարի մեծացրել է գնման ծավալները 1045 տոկոսով՝ հասցնելով 153,373 մլն-ի՝ 2017-ին արձանագրված 13,378 մլն-ի փոխարեն:

Զգալիորեն աճել է արտահանումը դեպի Նիդեռլանդներ ու Քաթար՝ համապատասխանաբար 455 ու 241 տոկոսով:

Չնայած դրան՝ Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն արտադրանքի ներմուծման ծավալներով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որը 2018-ին ներկրել է 726,066 մլն դոլարի թուրքական պաշտպանական ու ավիացիոն արտադրանք: Միացյալ Նահանգները 2017-ի համեմատ ներմուծման ծավալն ավելացրել է 5 տոկոսով:

Երկրորդ տեղում է Գերմանիան՝ 226,119 մլն դոլարի գնված տեխնիկայով՝ ավելացնելով ծավալը 8 տոկոսով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ