Տնտեսություն - Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ նվազել է

Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 3.279.6 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ` 3.281.9 մլրդ դրամ: Այսինքն պետական պարտքը 11 ամիսների ընթացում աճել է 3.2 մլրդ դրամով:

Սակայն դոլարային արտահայտությամբ պետական պարտքը նվազել է: Այսպես. 2017 թվականի դեկտեմբերի 31-ին այն կազմել է 6 774.6 մլն դոլար, իսկ 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ` 6 765.5 մլն դոլար: Այսինքն պարտքը նվազել է 9,1 մլն դոլարով: Այսինքն եթե մինչև տարվա վերջ Հայաստանի պետական պարտքը չաճի, ապա նախորդ տարիների ընթացքում առաջին անգամ երկրի պետական պարտքը նվազում կարձանագրի:


Նշենք, որ նոյեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքից 570,7 մլն դոլարը բաժին է ընկնում Կենտրոնական բանկի արտաքին պարտքին, իսկ 6 194,8 մլն դոլարը՝ կառավարության պարտքն է:

Հատկանշական է, որպետական պարտքի միջին տոկոսադրույքը 2017-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4,9 տոկոս, իսկ արդեն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ՝ 5 տոկոս:

Ֆինանսների նախարարության ներկայացրած փաստաթղթի համաձայն, պետական պարտքի մարման առումով ամենածանր տարիները լինելու են 2020 թվականը և 2025 թվականը: Մասնավորապես, 2020-ին Հայաստանի քաղաքացները պետք է մարեն ավելի քան 800 մլն դոլար, իսկ 2025 թվականին՝ շուրջ 750 մլն դոլարի պարտք: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պետական պարտքի մարմանը կուղղվի շուրջ 300 մլն դոլար: Պետական պարտքի մարումների այդ պիկերը համընկնում են Հայաստանի կողմից թողարկած եվրոբոնդերի մարումների հետ, իսկ դրանից 500 միլիոնը եվրոբոնդերի մարման մայր գումարն է:

Նշենք, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, 2019 թվականին Հայաստանի պետական պարտք աճելու է. ըստ նրա ներկայացված տվյալների՝  կառավարության փաստացի պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,988.0 մլրդ դրամ, 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է 3,137.0 մլրդ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3,364.0 մլրդ դրամ: Նշենք, որ այստեղ չի հաշվարկված ԿԲ-ի արտաքին պարտքը:

Իր հերթին, Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը նշել է, որ եթե տեղի ունենան բոլոր այն ենթադրությունները, որ կառավարությունը կատարել է, ապա 2019-ի վերջին պետական պարտքը կկազմի մոտավորապես 7,5 մլրդ դոլար, որից 6,913-ը Կառավարության պարտքն է, մացածը՝ ԿԲ արտաքին պարտքը:

Այսինքն կառավարությունը 2019 թվականին մտադիր է վերցնել մոտ 490 մլն դոլարի պարտք և մարել 175 մլն:

Այս ամբողջի մեջ մտահոգիչ է այն, որ պետական պարտքի աճի տեմպը շարունակում է ավելի մեծ լինել, քան ՀՆԱ աճի տեմպը, թեև հանուն արդարության պետք է նկատել, որ այդ բացասական տարբերությունը 2016-ից սկսած կրճատվում է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ