Հասարակություն - ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննություն, դատաքննությանը վկաների ներկայության ապահովում):

Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Արամ Մարտիրոսյանի և Արթուր Մարտիրոսյանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի մարտի 4-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

Դիմումատուները ծնվել են, համապատասխանաբար, 1966 թվականին և 1975 թվականին: Նրանք եղբայրներ են և մինչև իրենց դատապարտումը և ազատազրկումն ապրել և իրենց բիզնես-գործունեությունը վարել են Գավառ քաղաքում:

2009 թվականի նոյեմբերի 5-ին Գավառի բնակիչ Հ.Հ.-ն ոստիկանությանը հաղորդել է, որ երեկոյան՝ մոտավորապես ժամը 18:20-ին, Գավառի փողոցներից մեկում մեքենայից ինչ-որ մեկը կրակել է իր մեքենայի վրա, որի հետևանքով նրա որդին՝ Հ.-ն, և նրա ընկերը ստացել են հրազենային վնասվածքներ, և նրանց տարել են հիվանդանոց: Նույն օրը Գավառի քննչական վարչությունը սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու առիթով հարուցել է քրեական գործով վարույթ:

2010 թվականի հոկտեմբերի 26-ի վճռով մարզային դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ:


Նրանց նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ, և նրանք ազատ են արձակվել:

2011 թվականի մարտի 4-ին վարույթը վերսկսվել է, և գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը:

2011 թվականի մարտի 14-ին դիմումատուները կալանավորվել են, և նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու համար:

Դիմումատուն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համակցությամբ, բողոքել է, որ դատական քննության ժամանակ իրենց չի տրվել տուժող Հ.Հ.-ին և վկաներ Ա.Ս.-ին, Մ.Մ.-ին, Ս.Գ.-ին և Ս.Կ.-ին խաչաձև հարցաքննելու հնարավորություն:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերոնշյալ պնդումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ տվյալ գործում խախտվել է դիմումատուների արդար դատաքննության իրավունքը:

Դիմումատուները պահանջել են համապատասխանաբար 24 000 և 18 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և յուրաքանչյուրը 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Եվրոպական դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար այն մերժում է այս պահանջը։ Մյուս կողմից, այն դիմումատուներին յուրաքանչյուրին շնորհում է 2 400 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ