Տնտեսություն - Տարին կփակենք 5-5,5 % տնտեսական աճով. Նախարարի պաշտոնակատար

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թ. տարեվերջին կլինի 5–5,5 տոկոս: Այս մասին NEWS.am–ին  հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ ցուցանիշը սպասելի էր։

«Եղել են տարբեր գնահատականներ, տարվա միջին ամիսներին կար կարծիք, որ  տնտեսական ակտիվությունը կարող է լինել 6 տոկոսի սահմաններում, բայց քանի որ նախորդ տարվա վերջին ամիսների տնտեսության ակտիվությունը նույն ժամանակահատվածի համեմատ բավականաչափ  բարձր էր, հետեւաբար այս տարվա ավարտին տնտեսության ակտիվության մի քիչ ցածր ցուցանիշներ են արձանագրվում, եւ ես կարծում եմ տարին կամփոփենք 5-5,5 տոկոս տնտեսության ակտիվության ցուցանիշով»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե նախկինի պես տնտեսության ակտիվության ցուցանիշում մեծ մասը բաժին է ընկնում սպասարկումների ոլորտին, որտեղ գորակշիռ մաս ունեն խաղատները, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Տնտեսության մյուս ճյուղերում  աճը պետք է արագանա, տնտեսության ընդհանուր աճի կառուցվածքում մնացածների մասնակցության բաժինը եւս պետք է մեծացնել»:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունն աշխատանքներ է տանում տնտեսության մյուս ճյուղերում եւս ակտիվություն ապահովելու համար։

«Տարբեր ուղղություններում էլ աշխատանքներ են կատարվում. պահպանվում է մակրոտնտեսական կայունությունը, խրախուսվում են մասնավոր ներդրումները, կառավարությունը մաքսային եւ հարկային արտոնություններով  աջակցում է  կառավարություն ներկայացված առարկայական ծրագրերին եւ այլն»,–ասաց նա՝  նշելով, որ այս գործոնները պետք է նպաստնեն, որ մնացած ճյուղերում  ակտիվությունը լինի ավելի բարձր, քան խաղատների ոլորտում է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ