Միջազգային - 2018-ը՝ «բռնակալների տարի». The Guardian-ն առանձնացրել է տարվա ամենաանհանդուրժող, բռնապետ ու խարդախ առաջնորդներին

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անցած 2018 թվականն անվանել է «բռնակալների տարի»՝ նշելով, որ համաշխարհային մի շարք առաջնորդների պահվածքն այս տարի պատճառ դարձավ պարադոքսալ, տարօրինակ ու վախեցնող իրավիճակների ու անգամ վտանգի տակ դրեց բազմաթիվ մարդկանց կյանքը:

 

The Guardian-ի այս ցուցակում տեղ են գտել աշխարհի երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը, Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու մի շարք այլ առաջնորդներ:

Անդրադարձի հեղինակներն առաջին հերթին սուր քննադատության են ենթարկել Միացյալ Նահանգների ղեկավար Թրամփին՝ նշելով, որ նա անհանդուրժող է քննադատության հանդեպ ու հաճախ կամայական որոշումներ է կայացնում:

 

The Guardian-ը նաև Թրամփին անվանել է «ԱՄՆ առաջին խարդախ նախագահը»:

Բրիտանական պարբերականը պնդել է, որ ՌԴ առաջնորդ Պուտինն այս տարի վերընտրվեց նախագահի պաշտոնում՝ ստեղծելով իրավիճակ, որում այլ ելք ընտրություններն ունենալ չէին էլ կարող: Հոդվածի հեղինակները նկատում են, որ մինչ ընտրությունը նա իր ճանապարհից արդեն հեռացրել էր երկրի գլխավոր ընդդիմադիր գործչին՝ Ալեքսեյ Նավալնիին, որը չկարողացավ մասնակցել ընտրություններին:

Պարբերականը նաև մեղադրել է Պուտինին Կերչի նեղուցում ուկրաինական նավերը գրավելու համար՝ փորձելով ՆԱՏՕ-ի ներգրավվածությամբ նոր պատերազմի սպառնալիք առաջացնել:

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ այս տարի ապահովեց երկրում կառավարման նախագահական համակարգին անցումն ու, ըստ The Guardian-ի, ստացավ է՛լ ավելի մեծ լիազորություններ:

Էրդողանի՝ բրիտանական պարբերականի այս ցուցակում հայտնվելն արդեն լայն արձագանք է գտել թուրքական ընդդիմադիր մամուլում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ