Տարածաշրջան - Դատարանը վճռել է 26 000 դոլար գանձել ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովայից

Դատարանն ադրբեջանցի լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային, որն զբաղվել է կոռուպցիոն թեմաների հետաքննությամբ, պարտավորեցրել է որոշակի գումար վճարել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում աշխատելիս հարկերից խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, դեկտեմբերի սկզբին՝ նախքան դատավճռի կայացումը, նրա հաշիվներն արդեն սառեցվել էին հարկերի նախարարության պահանջով: Այդ պատճառով Իսմայիլովան չի կարողանում ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված փոխհատուցումն անհիմն հետապնդումների համար:

Բաքվի վարչատնտեսական դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել, որ Իսմայիլովան հարկերի նախարարությանը պետք է 45 000 մանաթ (ավելի քան 26 000 դոլար) վճարի՝ Բաքվում 2008-2010 թվականներին «Ազատություն» ռադիոկայանում աշխատելիս հարկերից խուսափելու մասին հայցով: Հայցը ներկայացվել էր 2017-ին:

Իսմայիլովան հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Նրա խոսքով՝ նա չի զբաղվել կազմակերպության ֆինանսական հարցերով: «Եթե հանցագործություններ կատարված էլ լինեն (բայց չեն եղել), ապա դրանց շահառուն կլինեի ոչ թե ես, այլ «Ազատություն» ռադիոկայանը», - ասել է Իսմայիլովան՝ նշելով, որ բողոքարկելու է այդ որոշումը վերաքննիչ դատարանում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ