Միջազգային - Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին փաստաթուղթը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը եւ ստորագրել նրա նշանակման մասին փաստաթուղթը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեկզոդան:

«Տաջիկստանի նախագահն աջակցել է Ստանիսլավ Զասի թեկնածությանը եւ ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա նշանակման մասին փաստաթուղթը»,- ասել է նա:

Զասի թեկնածությանն աջակցելու պատրաստակամություն Տաջիկստանի նախագահը հայտնել էր Դուշանբեում դեկտեմբերի 14-ին նրա հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ նախօրեին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն ասել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները հստակեցված չեն, փաստաթուղթը պետք է ստորագրվի կառույցի անդամ բոլոր երկրների կողմից. «Այդ որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով, 6 ղեկավարների կողմից»,- ասել էր Զայնետդինովը:

Նա նաեւ հայտնել էր, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն, թե արդյոք բացի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի ղեկավար արդեն ստորագրել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ