Կրթություն - Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՊՏՀ-ի նոր ռեկտորի պաշտոնակատարին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցել են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:


Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ քննարկվել և որոշում է կայացվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ վերջինիս աշխատանքը հեշտ չի եղել, և մամուլի հրապարակումներն էլ վկայում են, որ անցնող տարիները եղել են բարդ բարեփոխումների տարիներ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կատարված աշխատանքը կարելի է տվյալ փուլի համար հաջողված համարել՝ նկատի ունենալով մասնագիտությունների խոշորացման, կադրերի երիտասարդացման և մյուս ուղղություններով փոփոխությունների սահմանված նշաձողը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախարարության համար կադրերի երիտասարդացումը կարևոր ուղղություններից է, սակայն այն ինքնանպատակ չէ: Անդրադառնալով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսորներից է:

«Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով, և սա կարելի է երիտասարդության, փորձի և գիտելիքների համադրության լավ օրինակ համարել»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին հորդորելով համագործակցել բուհի նոր ղեկավարության հետ:

Անդրադառնալով ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցների կողմից երեկ հրապարակված բաց նամակին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատրաստ է քննարկել հայեցակարգային, սկզբունքային հարցեր, սակայն թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մարդկանց փոքր խումբ խաթարի բուհերի աշխատանքը։

Նրա խոսքով՝ միայն համագործակցային մթնոլորտում հնարավոր է անել առավելագույնը՝ բուհական համակարգում արագ փոփոխություններ կատարելու համար: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստ կլինի բուհի կառավարման խորհրդի կազմը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս հարցում ԿԳՆ-ի մոտեցումը բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումն է:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել՝ բուհի ղեկավարման կարևոր և պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար:


Նա նշել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար հարկավոր է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը ընդհանուր գործին՝ վստահեցնելով, որ պատրաստ է աշխատել փոխգործակցության մթնոլորտում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ