Կրթություն - Դեբեդավանի միջնակարգ դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Նրանց նամակում ասված է․ «Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ են դիմում Դեբեդավանի միջնակարգ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, ովքեր, տոգորվելով թավշյա հեղափոխության մեծ ոգևորությամբ, իրենց բողոքի ձայնը բարձրացրին դպրոցը մասնավոր սեփականություն դարձրած տնօրեն Մ․ Հարությունյանի ապօրինությունների դեմ: Փորձենք ներկայացնել իրավիճակը։

Մինչ ս/թ հունիսի 12-ը տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրը արդեն քրեական գործ էր հարուցված Մ․Հարությունյանի դեմ ՀՀ ԱՕ 325-րդ հոդվածով, նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից նախկին մարզպետ Հ․ Աբովյանի հրամանով։ Ս/թ հունիսի 12-ին Դեբեդավանի միջնակարգ դպրոցի խորհուրդը, որի 3 անդամները խորհրդի նիստերին համարյա չեն մասնակցել, ներկայացան, և Մ․ Հարությունյանը ընտրվեց դպրոցի տնօրեն։ Մանկավարժական համակազմի մի խումբ անդամներով ընդվզեցինք այդ փաստի առթիվ և բազմիցս փորձեցինք ներկայացնել նորընտիր մարզպետ Վ․Ղալումյանին Մ․Հարությունյանի ոչ հեղափոխական կերպարը։ Մինչ հեղափոխությունը Մ․Հարությունյանը դիմում էր ներկայացրել ՀՀԿ շտաբ ՀՀԿ շարքերն ընդունվելու նպատակով, որպեսզի հարթի, իր կարծիքով Հ․ Աբովյանի հետ ունեցած հակասությունը։ Մերժվել էր, որովհետև հարում էր ԲՀԿ-ին։ Ապա, պատեհապաշտին բնորոշ վարվելակերպով, երբ մայիսի 8-ին հաղթեց հեղափոխությունը, հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հ․ Աբովյանի, ապա՝ հեղափոխականի կեղծ գլխարկ հագած, դիմել մարզպետ Վ․Ղալումյանին, ստել, թե իբր հեղափոխական լինելու պատճառով է Հ. Աբովյանն իրեն ազատել պաշտոնից։

 

Վ․ Ղալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Մ․ Հարությունյանի գործելակերպից։ Պահանջեցինք, որ նրա հետ չկնքի աշխատանքային պայմանագիր, բայց չկար բավարար փաստացի հիմք՝ մրցույթի ընթացակարգի խախտման վերաբերյալ։ Մենք դիմում ներկայացրինք Վ․Ղալումյանին, որ դպրոցի 27 աշխատակիցներից 9-ը տնօրենի մերձավոր հարազատներն են, որոնցից հարսը՝ Սաթենիկ Կամավոսյանը, ամուսինը՝ Առաքել Մովսեսյանը, տեգրակինը՝ Ռոզա Մակյանը, երբևէ աշխատանքի չեն ներկայացել և աշխատավարձ են ստացել։ Արհմիության նիստերը, որոնց նախագահն է տնօրենի տեգրը՝ Մ․Մովսեսյանը, չեն գումարվում, արհմիության՝ մեզ հատկացվող գումարների մասին տեղյակ չենք։ Նա մեզ հորդորեց դիմել ոստիկանություն, քանի որ դա ոստիկանության լուծելու խնդիր էր: Արդյունքում հարուցվեց 2-րդ քրեական գործը՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածով։

 

Տարօրինակ է, բայց բավարարվեց Մ․ Հարությունյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Հ․Աբովյանի, քանի որ մենք ցուցմունքներում նշել էինք, որ Մ․Հարությունյանը ստիպել է ուսուցիչներին կեղծ գրառումներ կատարել դասամատյաններում, իսկ մանկավարժական խորհրդի մատյանում՝ գործավարին ստիպել կեղծ նիստ գրել, որ իբր դասապրոցես չի իրականացել վառելափայտի բացակայության պատճառով:

Մարզպետարանը, որպես պատասխանող, ներկայացրել է նախկինում տրված բացատրագրեր։

Տնօրենի գործած ապօրինությունների հարցով դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Ա․Հարությունյանին, փոխնախարար Լ․Առաքելյանին, հանրակրթության վարչության պետ Ա․Արշակյանին: Արդյունքում կրթության պետական տեսչության մարմնի տեսուչները ուսումնասիրել են բողոքը և արձանագրել խախտումներ․տնօրենը խախտել է կառավարության որոշում և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներ։ Հանձնարարական է տրվել Տավուշի մարզպետին՝ քայլեր ձեռնարկել։

Արդյունքում Մ․Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել, նրա նկատմամբ չի կիրառվել որևէ տույժ։ Ասենք ավելին, սեպտեմբեր ամսից հաշվեհարդար է տեսնում իր դեմ բողոքող ուսուցիչների հետ։ Ս/թ օգոստոսի 23-ին, արձակուրդից վերադառնալուց հետո, գործավար Ա․Սարգսյանի հետ խզել է համատեղությամբ պայմանագիրը՝ ազատելով գործավարի պաշտոնից։ Ա․Սարգսյանը քաղհայց է ներկայացրել դատարան։ Աշխարհագրության ուսուցիչ Լ․Սիմոնյանից վերցրել է բնագիտության ժամեր՝ թողնելով ընդամենը 11 դասաժամ, այնինչ մեթոդմիավորման նախագահ Հ․Քառյանը ծանրաբեռնվել է 23 դասաժամով։ Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Լ․Սիմոնյանը կողքի գյուղից է գալիս։ Ամբողջ սեպտեմբեր ամսին տարրական դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանները, որոնց դասվարները ևս բողոքողների թվում էին, դասապրոցեսը կազմակերպվել է 2-րդ հերթով։ Ի դեպ, նրանք ևս կողքի գյուղից են գալիս աշխատելու։ 2-րդ հերթի հարցն այժմ կարգավորվել է, բայց տնօրենը նորից իր հին գործելաոճով շարունակում է գործունեությունը։ Նրա տղան՝ Ն․Մովսեսյանը, որն ուսուցչի օգնական է, իր պարտականությունները կատարում է միայն դպրոցի բակում կանգնելով, հարսը՝ Սաթենիկ Կամավոսյանը, շարունակում է աշխատանքի չներկայանալ, ամուսինը՝ Առաքել Մովսեսյանը, գիշերային պահակ է, իսկ դպրոցի դուռը գիշերը կողպեքով փակված է։ Այնինչ՝ բողոքող ուսուցիչները ենթակա են պատժի յուրաքանչյուր պատեհ և անպատեհ առիթներով։

Տնօրենը գործում է ոչ թե ի շահ երեխայի, այլ սեփական շահերով է առաջնորդվում, ինչպես եղել է միշտ։ Դիմել ենք կրթության փորձագետ Ա. Բախշյանին, որը հորդորել է մարզպետ Վ․Ղալումյանին՝ քայլ անել և անվստահություն անել տնօրենին կամ սանձել նրան, որին ի պատասխան՝ մարզպետը պատասխանել է, թե նոր ուսումնասիրություններ կանցկացվեն դպրոցում։ Հավելել է նաև, թե տնօրենը հարթել է նաև ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության՝ իր դեմ հարուցած գործերը։ Հարգելի պարոն վարչապետ, ինչպե՞ս գնահատել իրավիճակը․քրեական գործ է հարուցվել, հարթվել, այդ աշխատակիցները շարունակում են աշխատանքի չներկայանալ, իսկ տնօրենը շարունակում է պաշտոնավարել։

Իսկ կրթական ոլորտը՞ ։ Մի՞թե անպայման պիտի սպասել, որ տնօրենը պատժվի միայն քրեական գործի լուծումով։ Մի՞թե գործատուն չունի օրենքով նախատեսված լիազորություններ։ Մի՞թե արդարացի է դպրոցի ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի առկայությունը։ Ինչպե՞ս դա կանդրադառնա ուսումնական գործընթացի վրա․կշահի՞ արդյոք սովորողը կամ աշխատողը։

Դիմում եմ Ձեզ խորին համոզմունքով, որ հետամուտ կլինեք, որ տնօրենը չշարունակի իր կարծրացած ու մերժելի գործունեությունը։

Չենք ուզում հիասթափություն ապրել, չէ՞ որ բողոքը պայմանավորված էր այն համոզմունքով, թե երկրում իրավիճակ է փոխվել։

Խոջոյան Անի

Գևորգյան Իրինա

Սերոբյան Արամ

Սարգսյան Արմինե

Դարգիյան Արզու

Գևորգյան Լուսինե»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ