Միջազգային - Ղրղզստանն իր աջակցությունն է հայտնել Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում երկիրն աջակցում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը:

«Այս տարի ՀԱՊԿ նախագահությունը փոխանցվել է Ղրղզստանին:Արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, որի հետ բանակցել ենք ու, ես արդեն ստորագրել եմ որոշումը»,- «Ինտերֆաքս» գործակալության հարցին պատասխանելիս ասել է նախագահը:

 

Նա հավելել է, որ իր կարծիքով՝ «ՀԱՊԿ-ի պես կարևոր ու պիտանի կազմակերպությունը չպետք է առանց գլխավոր քարտուղար մնա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից այս պաշտոնում Զասի առաջադրված թեկնածությանն իրենց աջակցությունն էին հայտնել Ղազախստանն ու Տաջիկստանը:

Օրերս Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանն ընդդիմանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին:

«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (նկատի ունի Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին – tert.am): Խելացի տղա է, ունի մեծ փորձ ու կատարած աշխատանք: Նա պետքարտուղար է և նրան գիտեն բոլոր նախագահները: Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց պետք է խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք յուրային ենք», - ասել է Լուկաշենկոն:

 

Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում ծառայել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը:

Հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացած մեկուկես տարվա ընթացքում:

Հնարավոր է՝ մինչև 2020 թվականի մայիս կազմակերպության գլխավոր քարտուղար մնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ