Միջազգային - Էմանուել Մակրոնի վարկանիշը շարունակում է անկում արձանագրել

«Դեղին անթև բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը շարունակում է անկում արձանագրել:

Ինչպես նշում է The Guardian-ը, նոր անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ ֆրանսիացիները գնալով ավելի քիչ են աջակցում 40-ամյա ղեկավարին:

Ifop-ի անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ Մակրոնի վարած քաղաքականությանն աջակցում է ֆրանսիացիների 23%-ը, ինչը 2%-ով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից: Մինչդեռ նախագահից դժգոհ քաղաքացիների թիվն ավելացել է 6%-ով՝ հասնելով 45%-ի:

Ըստ ոլորտի վերլուծաբանների՝ Մակրոնը ստիպված կլինի փոխել իր կառավարման ձևը ճգնաժամն ավելի չխորացնելու համար:

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին «դեղին անթև բաճկոնների» ցույցերին մասնակցել է ավելի քան 66.000 մարդ, ինչը երկու անգամ ավելի է վերջին ցույցի մասնակիցների թվից:

«Ցուցարարաները, հնարավոր է, հանդարտվեն, սակայն նրանց մեջ Մակրոնի նկատմամբ ատելության ուժեղ զգացում կա»,-նշել է սոցիոլոգ Էռվե լը Բրասը:

Շատերը Մակրոնին քննադատում են ի շահ հարուստների կառավարելու, շարքային քաղաքացիների մասին չմտածելու համար: Ցուցարարներից շատերը պահանջում են նրա հրաժարականը:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:

Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ