Քաղաքական - Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար վերջնաժամկետը դեկտեմբերի 21-ն է. Տիգրան Մուկուչյան

Ազգային ժողովի առաջին նիստի համար կարևորագույն խնդիր է ԱԺ կազմավորված լինելը, իսկ այսօր ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ։ Այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ այսօր հրապարակված որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամանակ է տրվում։

«Բնական է, որ անտրամաբանական կլինի իրականացնել գործառույթ, որի հիմք հանդիսացող իրավական փաստաթուղթը կարող է վիճարկման առարկա հանդիսանալ։ Դրա համար ԿԸՀ-ն կսպասի մինչև ուրբաթ՝ ժամը 18։00-ն, եթե չի լինի Սահմանադրական դատարան ներկայացվող դիմում, այդ դեպքում կնախապատրաստվի արձանագրության կազմը, եթե լինի դիմում, ապա հնարավոր կլինեն հնարավոր ամենատարբեր զարգացումներ»,- պարզաբանեց նա։

Տիգրան Մուկուչյանը, խոսելով վերահաշվարկի ներկայացված դիմումների մասին, նկատեց, որ ներկայացվել է վերահաշվարկի 13 դիմում, որից ընդամենը 2-ն էր, որ պատշաճ կարգով էր ներկայացվել, և վերահաշվարկը միանգամից իրականացվել է։

«Մյուս դիմումները ներկայացված էին ոչ պատշաճ ձևով, այսինքն՝ այն սուբյեկտների կողմից, որոնք նման դիմում ներկայացնելու իրավունք չունեն։ Սակայն, մերժելով այդ դիմումների հիման վրա վերահաշվարկ կատարելը՝ տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ իրականցրել են վերահաշվարկներ, այսինքն՝ 52 տեղամասի հանձնաժողովներ իրականացրել են սեփական նախաձեռնությամբ»,- նշեց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը նկատեց, որ վերահաշվակի ժամանակ հաշվարկվել են ոչ թե դիմում ներկայացված թեկնածուի ձայները, այլ վերահաշվարկն իրականացվել է այնպես, ինչպես տեղամասային ընտրական հանձնաժողովները հաշվարկում են ընտրության արդյունքները։ Մուկուչյանը կարևորեց այն հանգամանքը, որ ընտրատարածքներում վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայների հարաբերակցությունը չի փոխվել։

«Եղել է, որ անվավեր թերթիկը համարվել է վավեր, կամ հակառակը, այն էլ եզակի դեպքերով։ Միայն մի դեպք է եղել, որ նույն կուսակցության մեջ մի թեկնածուի օգտին քվեարկած 44 քվեաթերթիկ տեղադրվել է նույն կուսակցության մեկ այլ թեկնածուի վրա։ Մեր կարծիքով՝ սա քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, անմիջապես փաստն արձանագրվել է, նյութերն ուղարկվել են դատախազություն»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ