Հասարակություն - Ձերբակալվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից. հափշտակվել է 14,5 մլն դրամ

2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման ընթացքում նույն բաժնում գրանցված տարբեր նպաստառուներից նրանց հասանելիք նպաստն ստանալու, դրա վճարումը շարունակելու, ինչպես նաև նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար պահանջել և «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի օպերատորի միջոցով 2013-2015թթ. ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.400.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նույն տարածքային գործակալության մեկ այլ աշխատակից նպաստառուներից պահանջել և «Հայփոստ» բաժանմունքի այլ օպերատորի միջոցով 2016-2017թթ. ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.600.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ սոցիալական աջակցության նույն տարածքային գործակալության առանձին աշխատակիցներ, 2013-2018թթ. ընթացքում, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Վարդենիսի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում:

Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակում և նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունք է առաքվել ընտանեկան նպաստի գումարներ: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է շուրջ 14․376․000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով ձեռք բերված նշված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերոնշյալ քրեական գործին:

2018թ. դեկտեմբերի 12-ին Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել էր ձեռնարկել օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ՝ սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսևորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ