Հասարակություն - ԿԸՀ նախագահը ներկայացրեց մանդատների բաշխման սկզբունքը

Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատգամավորական մանդատների բաշխման սկզբունքին: Նա նշեց, որ առաջին քայլով որոշվում են այն կուսակցությունները, դաշինքները, որոնք հաղթահարել են համապատասխանաբար 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո արդեն Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են այդ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների միջև:


Դրանից հետո, ըստ ԿԸՀ նախագահի, ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը` տարածքային ընտրական հանձնաժողովներին: Մուկուչյանը նշեց, որ Տարածքային ընտրական հանձնաժողովներում մանդատները բաշխելու համար ևս կիրառվելու է բանաձև, այն է` նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը, հետո, երբ որոշվի, թե յուրաքանչյուր տարածքից յուրաքանչյուր կուսակցություն որքան մանդատ է ստանալու, նոր կորոշվեն կոնկրետ անձինք, ովքեր կարող են ստանալ այդ մանդատները` պայմանավորված կոնկրետ տարածքում ստացած ձայներով:

Լրագրողները հետաքրքրվեցին` եթե ընտրապայքարին մասնակցող որոշ ուժեր ձայների վերահաշվարկ պահանջեն, տեսականորեն քանի՞ ընտրատեղամասում կարող է վերահաշվարկի գործընթաց իրականացվել, ինչ հիմքերի առկայության դեպքում: Մուկուչյանը տեղեկացրեց, որ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ, կարող է ուղղակիորեն պահանջվել կատարել վերահաշվարկ, և դրա համար բավարար է դիմումը սուբյեկտի կողմից, որևէ լրացուցիչ փաստարկ այդ դիմումների հիմնավորման և ապացույցների համար չկա: ԿԸՀ նախագահը նշեց, որ երբ ունենան ամփոփ տվյալները, կներկայացնեն` վերահաշվարկի քանի դիմում են ստացել: Մուկուչյանը վստահեցրեց, որ դիմումների առկայության պարագայում ՏԸՀ-ները ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները, որ առավելագույն չափով վերահաշվարկ իրականացնեն այն ընտրական տեղամասերում, որտեղ կպահանջվի իրականացնել վերահաշվարկ:

Նա նաև հայտնեց, որ Ընտրական օրենսգիրքը կանոնակարգումներ, հստակ ժամկետներ է սահմանում, դրանք պետք է հաշվի առնվեն, իսկ վերահաշվարկը կկատարվի թափանցիկության ու հրապարակայնության պայմաններում, որպեսզի քվեարկության արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն:

Հարցին` երբ կլինի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Մուկուչյանը պատասխանեց.

«Երբ կհայտարարենք այդ մասին, դուք հստակ կիմանաք: Երբ ընտրության արդյունքը կամփոփվի, այդ ժամանակ էլ կիմանաք: Յոթերորդ օրը կամփոփենք ընտրության արդյունքը, դրանից հետո նոր կհայտարարենք ԱԺ առաջին նիստի օրը»:

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունների արդյունքները վիճարկելու համար վերջնաժամկետ կա` ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո 5-րդ օրը: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ բողոք-դիմումների վերլուծություն դեռ չի արվել, այն կփորձեն անել օրվա ընթացքում, աշխատանքն արդեն սկսել են իրականացնել:

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ընտրության կազմակերպմանը մոտեցել է բարձր պատասխանատվությամբ, ապա շեշտեց` պետք է նկատի ունենալ, որ հերթական ընտրություններից արտահերթը տարբերվում է նախապատրաստական աշխատանքների համար նախատեսված խիստ կարճ ժամկետներով, որից գործառույթների ծավալը չի փոքրանում, քանի որ պետք էր իրականացնել նույն ծավալի աշխատանք: Մուկուչյանի խոսքով` բարձր պատասխանատվություն է եղել գործընթացը ԸՕ պահանջներին համապատասխան, առանց որևէ ժամկետի խափանման իրականացնելու համար:


Խոսելով ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանի ահազանգի մասին, թե Սյունիքի մարզպետն ուղղորդում է ընտրողներին, Մուկուչյանը հայտնեց, որ խոսել է Սյունիքի մարզպետի հետ, վերջինս պնդել է, որ որևէ նման խնդիր առկա չէ, ինքն անգամ չի եղել որևէ համայնքում, որևէ ուղղորդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացրել:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ