Քաղաքական - Գաղտնալսման գործով իրականացվել է իմ բջջային հեռախոսի վերծանումը, վերականգնվել են բոլոր հավելվածների գրագրությունները. Արթուր Վանեցյան

Սա Հայաստանի պատմության մեջ լինելու է ամենաարդար և աննախադեպ խորհրդարանական ընտրությունը, որում կհամոզվեք մի քանի ժամ անց: Այս պահին ՀՀ ողջ տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, բոլոր տեղամասերը սահմանված ժամին բացվել են, եղել է մեկ-երկու դեպք, որտեղ հոսանքազրկում է եղել, բայց շատ արագ այդ ամենը շտկվել է: Այս պահին ամեն ինչ նորմալ է, և համոզված եմ, որ ընտրության ողջ ընթացքում լինելու է նույն կերպ:

 

Այս մասին այսօր իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե տեղյակ է՝ ով է երկրորդ գաղտնալսման հեղինակը, Վանեցյանն ասաց, որ այն, ինչ ասել է գաղտնալսման ժամանակ, բոլորը լսել են, իսկ ձայնագրությունը մասամբ մոնտաժված է, մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որոնք ձեռնտու չեն գաղտնալսողներին, հանված են:

Լրագրողների դիտարկմանը, թե նման հատված կա. «Դատավորը զանգեց ինձ, կալանքը տա, ասացի՝ մի հատ գործն ուսումնասիրի, որտեղ թույլ տեղ տեսնում է, հիմա դատավորը կզանգի կասի»,-այս ամբողջը մոնտաժվա՞ծ է, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ տնօրենը եթե զեկուցում է վարչապետին մի տեղեկատվություն, ինքը չի մանրամասնում, թե որտեղից ստացավ տեղեկատվությունը, ով զանգեց իրեն ասաց, այսինքն՝ ամփոփվում է, հակիրճ զեկուցում. «Դա նորմալ չէ, չէ՞: Այդ պատճառով հակիրճ կպցրած է, վարչապետն ասաց՝ ապահովի դատարանի անկախությունը, որ ոչ ոք դատարանի վրա ճնշում չփորձի գործադրել:
Սա է եղել վարչապետի ասածը»:

Հարցին, թե այդ դեպքում, ըստ ձայնագրության, ինչո՞ւ է ասում՝ հիմա դատարանը կկալանավորի, այսինքն կանխորոշո՞ւմ է և որտեղից գիտեր, որ կկալանավորի, Վանեցյանն ասաց. «Ես շատ բան գիտեմ, ես այնքան բան գիտեմ, որ դուք... ես գիտեմ, որ ընթանում է դատական պրոցես, ասել եմ կկալանավորի՞, չեմ հիշում»:

 Լրագրողները հուշեցին, որ բառացի ասել է՝ հիմա դատարանը կալանքը կտա, Վանեցյանն ասաց, որ ինչ-որ բառի խնդիր կարող է լինել:

«Կա գաղտնալսում, կա իմ խոսակցությունը, ես որևէ բան չեմ արել, ինչից երբևէ կամաչեմ որպես ԱԱԾ տնօրեն, երբևէ չեմ արել որևէ բան, որի համար կամաչեն իմ ծնողները, իմ ընտանիքը: Ինչ եղել է՝ եղել է, ինչ լսվել է՝ լսվել է, և ես չեմ կարծում, որ մի սարփափելի բան է եղել, ես դատավորի հետ չեմ խոսել: Իմ բջջային հեռախոսը տրվել է անկախ փորձագիտական մարմնի, այն վերծանվել է, այսինքն՝ ոչ միայն վերծանումը, թե այդ պահին ինչ կա հեռախոսի մեջ, այլ հատուկ ծրագրի միջոցով վերականգնվել են բոլոր հավելվածների՝ Viber, Watsapp-ի և այլնի գրագրությունները, անգամ իմ անձնական գրագրությունը կնոջս հետ վերծանվել է, այդ ամենը քրեական գործի նյութերում կա:

Իմ հեռախոսը հանձնվել է փորձագիտական մարմնին՝ քննչական մարմնի պահանջով և ամբողջությամբ վերծանվել է»,-ասաց Վանեցյանը:

Հարցին, թե ինչ է իրենից ենթադրում գաղտնալսումը, ինչ վտանգներ ունի, Վանեցյանն ասաց. «Եկեք այդպես էլ մի գնահատեք, թե հեռախոսը գաղտնալսեցին, ուրեմն ազգային անվտանգությանը սպառնալիք կա: Դա ողջ աշխարհում զարգացած տեխնիկայի պարագայում այդպես է, Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ, մի մասին էլ լսել են, չեն ասել»:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ