Մշակույթ - ՀՀ նախագահը տիկնոջ հետ Գյումրիում ներկա է եղել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում դեկտեմբերի 4-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Անահիտ Աղասարյանի հեղինակած երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Դեկտեմբերի 4-ին Գյումրի ներկայացումը դիտելու էին եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ միասին:

 

Ընդմիջման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին նախագահը նշեց՝ ներկայացումը իրականում Գյումրու պատմությունն է. «Ծիծաղի ու լացի խառնուրդ: Չգիտես՝ երբ ծիծաղես, երբ լաց լինես, և այդ հումորը՝ ցավի միջից եկած հումորը 30 տարի առաջ ես ինքս էլ եմ տեսել, երբ ուսանողների հետ երկրաշարժից հետո եկա այստեղ և այդ հսկայական ողբերգության օրերին մարդկանց հանդիպեցի, որ այդ ողբերգության մեջ կարող էին դառը ծիծաղել: Ներկայացումը հոյակապ է: Կարծում եմ՝ Հայաստանում ամեն տեղ պետք է ցուցադրվի, քանի որ սա միայն Գյումրվա պատմություն չէ, դա մեր ժողովրդի պատմություն է: Սա իրական պատմություն է որտեղ կա ծիծաղը, հումորը, խորը ցավն ու ողբերգությունը»:

 

 

«Հարսանիք թիկունքում» ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, որը խորհրդանշում է ամբողջ հայ ժողովուրդը: Զավակի հարսանիքի օրը հնչում է Ապրիլյան քառօրյա պատերազմի գույժն ու տակնուվրա անում հույզերը՝ փոխելով ներկան ու ապագան:
Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո):

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախագահը նաև իր և տիկնոջ անունից ցավակցություն փոխանցեց դեկտեմբերի 4-ին Բարձրաշենի տարածքում կործանված Սու-25 մարտական ինքնաթի զոհված օդաչուների հարազատներին: «Ոչինչ չեմ կարող ասել: Երկու ընտանիք կորցրեցին իրենց զավակներին: Իմ և տիկնոջս խորին ցավակցությունն եմ ուզում հայտնել և՛ գնդապետի, և՛ մայորի ընտանիքներին: Չգիտեմ նաև ինչ բառեր ասել, երբ ընտանիքներն իրենց սյունն են կորցնում: Խորին ցավակցությունս»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ