Հասարակություն - Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել ընտրողներից ընտրարշավին լիարժեքորեն մասնակցել չկարողանալու համար

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանըաշխատանքային ժամերից հետո փորձում է առավելագույնս շփվել քաղաքացիների հետ՝ ինչքան որ թույլ է տալիս փոխվարչապետի պաշտոնակատարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը դա ընտրարշավին լիարժեք մասնակցություն չի համարում և հայցում է ընտրողների ներողամտությունը: Այս մասին Ավինյանն ասել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:

«Մի քանի օր հետո ժողովուրդը կտոնի հեղափոխության վերջնական հաղթանակը: Ես «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու եմ Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում: Ուզում եմ ընտրողներից հայցել ներողամտություն, քանի որ չեմ կարողանում լիարժեքորեն մասնակցել ընտրարշավին և տասնյակ հազարավոր մարդկանց հետ հանդիպումներ ունենալ: Ամեն երեկո աշխատանքային ժամերից հետո փորձում եմ առավելագույնս շփվել մեր քաղաքացիների հետ, որքանով որ թույլ է տալիս փոխվարչապետի պաշտոնակատարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Նաև քաջ գիտակցում եմ, որ սա չափազանց քիչ է»,-ասաց Ավինյանը:

Նրա կարծիքով՝ հասկանալի է նաև, որ մեր երկում ընթանում են ճակատագրական ընտրություններ, և պետք է նաև ապահովվի կառավարության բնականոն գործունեությունը: Ավինյանը տեղեկացրեց, որ շարունակելու է երեկոյան ժամերին հանդիպումներ իրականացնել թիվ 2 ընտրատարածքում: Հանդիպումների մանրամասների մասին կարելի է տեղեկանալ Ավինյանի «Ֆեյսբուք»-ի էջի միջոցով:

Ավինյանը վստահեցրեց, որ իրենց շտաբերի անդամները սիրով կլսեն բոլորի հարցերն ու առաջարկությունները: «Համոզված եղեք, որ ձեր հարցերն ու առաջարկները կհասնեն իրենց հասցեատիրոջը, և իմ հետագա գործունեության ընթացքում հաշվի կառնվեն»,- եզրափակեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ