Կրթություն - Այսօր ՀՀ-ում կրթական համակարգը ողբերգական վիճակում է

Այսօր Հայաստանում կրթական համակարգը ողբերգական վիճակում է. ֆորմալ առումով հայտարարված է, որ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 163 հազար դրամ է, բայց Հայաստանում մեկ հոգի չկա, որ այդքան աշխատավարձ ստանա: Այս մասին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում կա 8 հազարից ավելի ուսուցիչ, որոնք ստանում են մոտ 40 հազար դրամ աշխատավարձ, անգամ 25 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա. «Նման աշխատավարձ ստացող ուսուցչի աշխատանքի մոտիվացիան ամբողջությամբ կորսված է: Հանդուրժել այն փաստը, որ երեխայի ապագան որոշող մարդը 25 հազար դրամ աշխատավարձ է ստանում, նշանակում է՝ քար գցել այդ երեխայի ապագայի վրա»,-հայտարարեց Փաշինյանը:


Նա ստեղծված իրավիճակի երկու պատճառ նշեց. «Նախ դպրոցների ֆինանսավորման համակարգը, որտեղ կան գործոններ, որոնք հաշվի չեն առնվում, երկրորդը չարաբաստիկ կոռուպցիան է: Մի քանի գյուղում արդեն բացահայտվել են դեպքեր, երբ գյուղապետը կամ այլ պաշտոնյաներ իրենց եղբորը, հարսին, եղբոր կնոջը դպրոցի վրա գրանցել են վարորդ, պահակ ու չեն գալիս աշխատանքի: Նույնիսկ եթե գան աշխատանքի, բայց այդ դպրոցը այդ հաստիքի կարիքը չունի, բայց յդ գումարը դպրոցն ստանում է: Արդյունքում պակասում է ուսուցչի աշխատավարձից, շենքը տաքացնելու գումարից եւ այլն:

 

Ողբերգությունն այն է, որ այդ դպրոցներում մարդիկ գիտեն, որ այդպես է, բայց հանդուրժում են, լռում են: Սա նշանակում է, որ քլունգն առած մեր տունը քանդում ենք: Մենք այս վիճակը բարելավելու ենք, փոխելու ենք: Եթե երեխան կրթության բացեր ունի, մենք նրան դատապարտում ենք 15-20 տարի հետո աղքատության»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ