Հասարակություն - ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը և ԶՔԳՎ պետի տեղակալ Արման Ասլանյանն այսօր` դեկտեմբերի 3–ին, ընդունել են 2018 թվականի սեպտեմբերի 26-ին մահացած Աղասի Մկրտչյանի հարազատներին և փաստաբանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Աղասի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված նախնական քննության արդյունքները:


Պարզաբանումներ են ներկայացվել քրեական գործի ընթացքի վերաբերյալ, տրվել են տուժող կողմին հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է մանրակրկիտ քննություն՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանը ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ