Տարածաշրջան - Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան, եթե նրան կանչեն: Այս մասին Սաակաշվիլին ասել է տեսակապի միջոցով՝ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Հիշեցնենք, որ «Ուժը միասնության մեջ է» քաղաքական բլոկը, որում միավորվել են 11 ընդդիմադիր քաղաքական ուժեր, շարունակում է բողոքի ակցիաները Վրաստանի մայրաքաղաքում, և պահանջում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները ու նշանակել նոր ընտրություններ: Ցուցարարներին Սաակաշվիլին դիմել է մեծ էկրանից, որը տեղադրված է Վրաստանի խորհրդարանի մոտ:

«Մեզ մոտ ամեն ինչ կստացվի, մեր պայքարն անպայման կավարտվի հաղթանակով: Այդ պայքարում ես, իհարկե, ձեզանից մեկն եմ: Ես ուզում եմ, որ դուք իմանաք. երբ ես ձեզ պետք գամ և ինձ դուք կանչեք, ես նույն վայրկյանին ֆիզիկապես կհայտնվեմ ձեր կողքին, ձեր առաջնորդների կողքին, մեր երիտասարդության կողքին: Ես կհայտնվեմ այստեղ բոլորիդ համար, Վրաստանի համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա հաղթանակի գործում»,- ասել է Սաակաշվիլին:

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, Սաակաշվիլին անվանել է աղետ:

«Առաջ մենք խոսում էինք հնարավոր աղետի մասին, իսկ հիմա արդեն փաստի մասին: Աղետ տեղի ունեցավ այն պատճառով, որ մեր երկրում չկա ընտրությունների ինստիտուտ: Նրանք կարծում են, թե Վրաստանի ժողովուրդն ամեն ինչ կուլ կտա և կների: Ո՛չ: Մենք ոչինչ չենք ներելու»,- Սաակաշվիլի դիմել է ցուցարարներին:

Վրաստանի ընդդիմությունն իշխանություններին վերջնագիր է ներկայացրել՝ կատարել իրենց պահանջները մինչև դեկտեմբերի 16-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ