Տնտեսություն - Հայաստանը ՄԻԵԴ-ին 7500 եվրոյին համարժեք դրամ կփոխհատուցի

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում էր կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը գումար տրամադրելու որոշման երկու նախագիծ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի փոխհատուցման համար։

Առաջին՝ «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործը նախագծով սահմանվում է 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4 500 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս գործը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերին է առնչվում։

Ըստ նախագծի նկարագրության՝ դիմումատուն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ցույցերի ժամանակ եղել է Ազատության հրապարակում, ձերբակալվել է և ավելի ուշ դատապարտվել Քրեական օրենսգրքի (ՔՕ) 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Հաջորդ գործը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է, ըստ որի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի ՄԻԵԴ-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 3000 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դիմումատուն Հայաստանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալն է։ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի դատախազությունը որոշել է քրեական գործով վարույթ հարուցել դիմումատուի նկատմամբ՝ վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Ըստ դատապարտյալի՝ դիմումատուն և քրեակատարողական հիմնարկի երկու այլ ծառայողներ իրեն ծեծել են ռետինե մահակներով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ