Քաղաքական - Հայաստանի ու Սաքսոնիա-Անհալթ երկրամասի բարեկամության հիմքում պատմությունն ու մշակույթն են․ Արմեն Սարգսյան

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:


Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետև տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ռայներ Հազելոֆը ողջունել է Հայաստանի նախագահի այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս՝ նշելով, որ տեղյակ է, որ նախկինում ևս Արմեն Սարգսյանը եղել է Մագդեբուրգում և ուրախ է արդեն նախագահի պաշտոնում կրկին հյուրընկալել նրան։

«Մեր երկրամասը Հայաստանի հետ սերտ կապեր ունի։ Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր կան։ Երկրամասի Հալե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործում է«Մեսրոպ» հայագիտական կենտ­­րոնը, որը կարևոր դեր ունի մեր կապերի համար։ Այսօր ստորագրվող համաձայնագիրը նույնպես կնպաստի կրթության և գիտության ոլորտում մեր համագործակցության ամրապնդմանը»,-ասել է Ռայներ Հազելոֆը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հաճելի է հյուրընկալվել Գերմանիայում, մասնավորապես՝ գեղեցիկ և պատմական երկրամասում:

«Գերմանիան ծանրակշիռ ներդրում ունի համաշխարհային մշակույթի մեջ, և ամեն անգամ այցելելով՝ այս հսկա ժառանգությունից փոքրիկ կտոր ես տանում հետդ»։

 

Նախագահը նշել է, որ 1980-ականներին, որպես խորհրդային գիտնական, մի քանի անգամ այցելել է Գերմանիա, եղել է նաև Մագդեբուրգում։

«Հայաստանն ու Սաքսոնիա-Անհալթ երկրամասը լավ բարեկամներ են։ Մեր բարեկամության ու երկխոսության աղբյուրը պատմությունն ու մշակույթն են, հուսամ, ապագայում նաև՝ գիտությունը։ Մենք բարձր ենք գնահատում «Մեսրոպ» կենտրոնի գոյությունն այստեղ։ Սա մեր փոքրիկ, բայց շատ կարևոր ներկայությունն է Գերմանիայում։ Վստահ եմ , որ միասին շատ ավելին կարող ենք անել փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու համար, քանի որ դրա համար լավ հիմքեր կան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Ավելացնելով, որ երկու ժողովուրդները աստղագիտության պատմական ակունքներում են՝ նա մասնագիտությամբ ֆիզիկոս Ռայներ Հազելոֆին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեսնելու աշխարհում առաջին աստղադիտարաններից մեկը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի։

Հանդիպմանը քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ռայներ Հազելոֆը և երկրամասի ոլորտային նախարարները ներկայացրել են Հայաստանի հետ գործակցության ծրագրերը․ տեղեկացվել է, որ ներկայում իրականացվում են դպրոցականների, ուսանողների փոխանակման ծրագրեր։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է ընդլայնել ուսանողների փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի ոլորտները։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնապահպանական խնդիրներով:

««Կանաչ գիտության» ոլորտում Գերմանիան լավ փորձ ունի, որն օգտակար կարող է լինել մեր երկրի համար։ Հայաստանն ընդհանրապես կարող է նաև գիտահետազոտական ոլորտում լավ գործընկեր դառնալ»,-նշել է նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռայներ Հազելոֆի հետ այցելել է նաև Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարան։

Ռեկտոր Յենս Շթրաքելիանի ուղեկցությամբ նախագահը շրջել է համալսարանի սպորտային գիտահետազոտական մասնաշենքում, ծանոթացել լաբորատորիաների գործունեությանը, որտեղ ուսանողներն ու գիտաշխատողներն զբաղվում են սահմանափակ կարողություններով անձանց համար սարքավորումների մշակմամբ։

Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանի և Ռայներ Հազելոֆի ներկայությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի և Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ