Տնտեսություն - 492,96 մլն դրամ կտրվի աղետներից 50-100 տոկոս տուժած գյուղացիներին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2018 թվականին տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին հատկացնել 492 միլիոն 961 հազար դրամ դրամ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նշեց, որ նախատեսված միջոցները կտրամադրվի 2018-ի տարերային աղետների հետեւանքով 50-100 տոկոս տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին:


Նա, մասնավորապես, նշեց. «2018 թվականին հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնաս է պատճառվել շուրջ 14650 հա հողատարածքի, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 մլրդ 386 մլն դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 % տուժած հողօգտագործողներին:

2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (7736,61 հա) վնասի չափը կազմում է 9856393,5 հազ. դրամ: Վնասի հաշվարկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը,ՀՀ ԱՎԿ-ի 2017 թվականի բուսաբուծական արտադրանքի գները և վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները: Խաղողի, պտղի և հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5%-ի չափով, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի և կարտոֆիլի համար 4%-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-իհաշվով 30 հազ. դրամ: Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 94,0 հազ դրամ, պտղի և հատապտղինը՝ 72.3 հազ դրամ, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 63.7 հազ դրամ:

2018 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 492961.5հազ. դրամ, ընդամենը պատճառված վնասի շուրջ 3.7%-ը:

Սա վերջին տարիներին ամենամեծ փոխհատուցումն է: Օրինակ 2016 թվականին վնասը 33,5 մլրդ դրամէ կազմել, իսկ հատուցումը՝ 506 մլն դրամ, այսինքն 1,5 տոկոս: 2017ժ-ին հատուցումը 0,4 տոկոս է կազմել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հաջորդ տարիների համար ավելի մեծ տեղ կտրվի կանխարգելմանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքն անձամբ եղել է Արմավիրի մարզում փոթորիկից ու կարկտահարությունից հետո եւ պատկերն իրոք սարսափելի էր. «Անշուշտ պետությունն ունի պարտավորություն կանգնել գյուղացու կողքին: Իհարկե, հասկանում ենք, որ սա բավարար չափը չի, քանի որ եթե իրենք բերքն իրացնեին, ավելի շատ օգուտ էին ստանալու: Ես հունս ունեմ, որ 2019-ին արդեն կկարողանանք գործի դնել ապահովագրության մեխանիզմը եւ պետության միջամտության անհրաժեշտությունը չի լինի»:

Արարատ Միրզոյանը նկատեց նաեւ, որ շատ դեպքերում գյուղացիները վարկեր ունեն վերցրած եւ այս փոխհատուցումը տալիս են վարկերի դիմաց, իսկ իրենց կորցրածին դարման չի լինում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ