Քաղաքական - Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն Վերաքննիչին՝ դիմելու Սահմանադրական դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաև սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։

Քոչարյանի պաշտպանների կարծիքով թե՛ նախկին, թե՛ գործող հոդվածներում առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 28–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը․ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ