Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ժամկետ է տրվել, որպեսզի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստեն: Ալումյանը նշեց, որ նման միջնորդության մեկ հիմք կա, դրա հետ կապված մի քանի փաստ կա, որոնք պիտի նշեն, խոստացավ հանգամանքներն ասել վաղը, երբ միջնորդություն ներկայացնեն, նաև միջնորդության վերաբերյալ որոշումը kստանան:


«Դատավորը ժամկետ էր տվել մեկ ժամ, որ միջնորդությունը պատրաստենք, աշխատեցինք մեկ ժամ, բայց չհասցրեցինք սահմանված ժամկետում, դատավորը լրացուցիչ ժամկետ տվեց մինչև վաղը ժ. 12:00-ն»,- ասաց նա:

Ալումյանն ասաց նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը բոլորի հետ հավասար մասնակցում էր դատավարությանը, դատախազությունից ամենաակտիվը ինքն էր:

«Մեր միջնորդությունները հիմնականում եղել են որոշակի փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ: Գլխավոր դատախազն այդ միջնորդությունների դեմ առարկել է, բայց դատավորը մեզ ամեն դեպքում հնարավորություն տվեց այդ փաստաթղթերը պահանջել: Նորմալ, լիարժեք դատավարություն է ընթացել, վաղը դետալները կասենք»,- խոստացավ փաստաբանը:

Հարցին` ինչպե՞ս է գնահատում գլխավոր դատախազի ներկայությունը նիստին, արդյո՞ք դա մտահոգվելու տեղիք չի տալիս, Ալումյանը նախ՝ ուղղեց, որ դա ներկայություն չէ, մասնակցություն է, ապա պատասխանեց, որ այդ մասնակցությունը մտահոգության առիթ է միայն այն առումով, որ ավելի հեշտ է իբրև մրցակից ունենալ մեկ դատախազ, քան 6 դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է:

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք դատավորը կաշկանդված էր: Փաստաբանը պատասխանեց, որ արտաքուստ այդպիսի դրսևորումներ չնկատեց, իսկ հոգեվիճակը չի կարող գնահատել: Իր պաշտպանյալի հոգեվիճակին անդրադառնալով` նա ասաց.

«Սովորական, այնպես, ինչպես ցանկացած մարդու հոգեվիճակը կլինի, եթե իրեն առանց օրինական հիմքերի բերում են և պահանջում կալանավորել»:

Ալումյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը բացառապես անդրադարձել է անձեռնմխելիության հետ կապված խնդիրներին, գլխավոր միտքը հետևյալն է, որ անձեռնմխելիության հետ կապված խնդիր քննարկելիս դատարանը պետք է չկտրվի հիմնավոր կասկածի խնդիրը քննարկելու հարցից, այն, ինչ անցած անգամ Վերաքննիչ դատարանը, ըստ Վճռաբեկ դատարանի, չի արել, այսինքն` այդ երկու հարցը միասին պետք է քննվեր: Փաստաբանի խոսքով` եթե Վերաքննիչ դատարանը հետևի Վճռաբեկ դատարանի որոշման պահանջներին, այդ ամենը միասին պետք է քննվի:

Հարցին` ճի՞շտ են տեղեկությունները, որ դատարանը հակված է պաշտպանել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն այն մասին, որ իր պաշտպանյալն անձեռնխելի չէ, Ալումյանն արձագանքեց, որ այդպիսի գնահատական, անգամ դրան մոտ գնահատական չկա:

«Խնդիրը հետևյալ ձևով է դրվում. երբ որևէ անձի դեպքում, ով օգտվում է անձեռնմխելիությունից, դրա առկայության կամ բացակայության հարցը քննարկվում է, պետք է գնահատել նաև այն հանգամանքը, թե այն գործողությունները, որոնց մեջ նա մեղադրվում է, պաշտոնական լիազորության հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանք չեն հանդիսանում այդ լիազորությունների ակնհայտ անցում»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ այս գործով դատավարությունը, ըստ էության, չի էլ սկսվել, քանի որ առաջին հարցը, որ դատարանը պարզում է կողմերից, հարցն է` արդյո՞ք ունեն միջնորդություն, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:

Հարցին` ի՞նչ հարաբերությունների մեջ են երկրորդ նախագահն ու դատավոր Ռուբեն Մխիթարյանը, Ալումյանը պատասխանեց.

 «Առաջին անգամ են իրար տեսնում»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ